չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմպիչմենթի գործընթացին. Մամիջանյան

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմպիչմենթի գործընթացին. Մամիջանյան

ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմպիչմենթի գործընթացին։ ԱԺ նիստում հայտարարեց իմպիչմենտի գործընթացը նախաձեռնած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

ԱԺ-ում քննարկվում է «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։ Այդ իսկ պատճառով նստաշրջանի օրակարգ ընդգրկվելու համար հարցը քննարկվում է առանձին։ Հարցի քննարկումից հետո կկայանա քվեարկություն։

Հայտարարության նախագիծը ներկայացնելիս՝ Հայկ Մամիջանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է օր առաջ հեռացնել իշխանությունից, իսկ դրա միակ գործիքը իմպիչմենտն է։

«Իմպիչմենտի հիմնական ուժը, հաջողության հասնելու կարևորագույն գրավականը  հանրային լայն համախմբումն է՝ փողոցային պայքարով։

Հունիս 7-ին,  երբ այս  գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 պատգամավոր, հոկտեմբերի 8-ին՝  փաստացի ձևաթղթի տակ արդեն իսկ առկա է 34 ստորագրություն։

Անցյալ շաբաթ հանդիպել եմ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ քննարկելու  իմպիչմենտի գործընթացին նրա և անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցության հարցը։

«Այս պահին կարող եմ հայտարարել, որ նրանք չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործըթնացին և քննարկումները շարունակվելում են»,- ասաց Մամիջանյանը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Բրավո Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին։

Ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում, խոսում եք»։   

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք լիակատար աջակցում են հայտարարության նախագիծը, արտացոլված հաստատումները ոչ միայն բավարար, անհրաժեշտ, մի բան էլ պակաս է ներկայացված։ Նա նշեց, որ խմբակցությունը կողմ է քննարկելու հայտարարության նախագիծն օրակարգում ընդգրկելուն։ 

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «Դեմ ենք քվեարկելու ի սկզբանե մեռելածին այս նախագծին և իմպիչմենտի բոլոր հնարավոր մեռելածին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ԱԺ օրակարգում»։ 

Հովիկ Աղազարյանն ասաց, որ հանդիպել  է Հայկ Մամիջանյանի հետ ու քննարկել են այս հարցը, բայց  շատ հարցեր ունեն քննարկելու, որոշ բաներ ունեն պարզաբանելու, հետևաբար ձեռնպահ կքվեարկեն։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը չընդգրկվեց նստաշրջանի օրակարգ՝ 24 կողմ, 48 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ 

  • Կիսվել: