երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
ՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի մաս․ Զուլֆուգարով

ՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի մաս․ Զուլֆուգարով

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը մեկնաբանել է Հայաստանում տվյալների կենտրոն ստեղծելու ծրագրերը՝ նշելով, որ այն կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ թվային ենթակառուցվածքի տարածաշրջանային տարր։

Ըստ նրա՝ խոսքը պարզապես տվյալների պահպանման օբյեկտի մասին չէ։ Կենտրոնը կարող է օգտագործվել արհեստական բանականության համակարգերի և այլ ծրագրերի աշխատանքի համար։

«Այս ծրագրերի կառավարումը, ինչպես նախկինում, իրականացվելու է ԱՄՆ-ից: Հայաստանը հանձն է առնում ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը և այլ տեխնիկական միջոցներ, որոնք ապահովում են դրանց գործունեությունը»,- նշել է Զուլֆուգարովը։

Նրա կարծիքով՝ ամերիկյան ներդրումները կարող են իրականացվել երկու հիմնական ուղղությամբ՝ տվյալների կենտրոնի սարքավորումների տեղադրման և սպասարկման, ինչպես նաև դրանց էներգամատակարարման համար մոդուլային ատոմային էլեկտրակայանների կառուցման նպատակով։ Զուլֆուգարովը նշել է, որ առաջին փուլում անհրաժեշտ էլեկտրաէներգիան կարող է ստացվել գործող Հայկական ատոմային էլեկտրակայանից, որը կառուցվել է խորհրդային տարիներին։

Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարը նաև հայտարարել է, որ այսպիսով ԱՄՆ-ն, իր գնահատմամբ, փաստացի առաջ է անցել Ռուսաստանից և Ֆրանսիայից, որոնք նախկինում դիտարկվում էին որպես Հայաստանի համար նոր ատոմային գեներացիայի նախագծերի հնարավոր մատակարարներ։

Միևնույն ժամանակ, Զուլֆուգարովը կասկածի տակ է դրել այն պնդումները, թե տվյալների կենտրոնի ստեղծումն ինքնին կհանգեցնի Հայաստանի ՏՏ ոլորտի արագ զարգացմանը։

«Հետևելով այս տրամաբանությանը՝ բոլոր նրանք, ովքեր ապրում են Գիտությունների ակադեմիայի հարևանությամբ, պետք է գիտական աստիճան ստանան»,- հեգնանքով նշել է նա։

Զուլֆուգարովի խոսքով՝ տվյալների կենտրոններ տեղակայելու առաջարկներ ստանում են նաև զգալի էներգետիկ ռեսուրսներ ունեցող այլ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Ղազախստանը։

Նրա կարծիքով՝ նման երկրների համար տվյալների կենտրոնները կարող են դառնալ էներգառեսուրսների արտահանման նոր ձև․ էներգիան այս դեպքում փաստացի վաճառվում է արտասահմանյան տեխնոլոգիական ընկերություններին՝ առանց այն ֆիզիկապես արտահանելու անհրաժեշտության։

  • Կիսվել: