հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
 ՀՀ-ում հարցվածների 40.3 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ն չպետք է ո՛չ ՀԱՊԿ-ին անդամակցի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին

ՀՀ-ում հարցվածների 40.3 տոկոսը կարծում է, որ ՀՀ-ն չպետք է ո՛չ ՀԱՊԿ-ին անդամակցի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց 1100 մարդկանց շրջանում իրականացված հարցումների արդյունքները։

Նա  նշեց, որ հարցում իրականացվել է փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում։

Քաղաքացիներին հարց է ուղղվել, թե ստեղծված բարդ քաղաքական իրավիճակն ինչի՞ հետևանք է, որին հարցվածների 35.3 տոկոսը պատասխանել է՝ կառավարության ապաշնորհ կառավարման,  միտումնավոր ստեղծված իրավիճակ է՝ թելադրված արտաքին ուժերի կողմից՝ 29.9 տոկոս, աշխարհում առկա հակամարտությունների հետևանք է՝ 24.2։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 8.9 տոկոսը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման մասին, ինչն էլ ավելի է մեզ մոտեցնում հայ-ռուսական հարաբերությունների խզմանը։ Արդյո՞ք հայ-ռուսական հարաբերությունների խզումը համապատասխանում է Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական  շահերին։

Այս հարցին 23.2 տոկոսը պատասխանել է, որ այն լիովին համապատասխանում է, 13.9 տոկոսը պատասխանել է՝ ավելի շատ համապատասխանում է, 16.1 տոկոսը պատասխանել է, որ ավելի շուտ չի համապատասխանում և ընդհանրապես չի համապատասխանում նշել է 42.8 տոկոսը, 4.8 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։

«Շուրջ 58 տոկոսը նշել է, որ դա չի համապատասխանում հայերի շահերին»,-նշեց Նավասարդյանը։

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հայտարարեց, որ փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում անցկացված արդյունքներով հարցվածների 40.3 տոկոսը պատասխանել է, որ ՀՀ-ն չպետք է ո՛չ ՀԱՊԿ-ին անդամակցի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին. «Պետք է լինել չեզոք երկիր»։
 
28 տոկոսը պատասխանել է, որ պետք է շարունակել անդամակցել ՀԱՊԿ-ին, իսկ 22.5 տոկոսը կարծում է, որ պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին։  Այս հարցին դժվարացել է պատասխանել 9.2 տոկոսը։

  • Կիսվել: