ՀՀ-ն կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել մեկ ամսից, գուցե նաև՝ հաջորդ տարի Միրզոյան
Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել մեկ ամսից, իսկ գուցե արդեն հաջորդ տարի։ Այս մասին DW-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ձգտել անդամակցելու Եվրամիությանը:
«Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի: Դա կախված է բազմաթիվ գործոններից: Միաժամանակ, ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,-ասել է նախարարը։
Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանն աշխատում է Եվրոպական Միության հետ և արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները. կա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որը, նրա խոսքով, բավականին հաջող ընթացք ունի։
Նա նաև հավելել է, որ պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ և ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ, և չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա երեք ամիսների ընթացքում։
«Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների և երկար ընթացակարգերի վերաբերյալ»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:


