կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
ՀՀ–ի տարածքը նույնն է՝ մի փոքրիկ տարբերությամբ, որ ինչ-որ տարածքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ. Միրզոյան

ՀՀ–ի տարածքը նույնն է՝ մի փոքրիկ տարբերությամբ, որ ինչ-որ տարածքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ. Միրզոյան

Մեր հասարակությունը երկու կարևոր խնդրի լուծում էր ակնկալում իշխանություններից՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի դուրս գալը, և երկրորդը գերիների, պատանդառնված անձանց ազատ արձակումը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այդ երկու հարցի վերաբերյալ մինչև հիմա որևէ մի ինձ և հասարակությունը բավարարող պատասխան չեմ տեսել, այդ թվում նաև անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված, որոնք նաև պարբերաբար իրենց բողոքի ձայնը բարձրացնում են»,–ասաց նա։

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Հարգելի, պարոն Դանիելյան ջան, ես մեծ համակրանք ունեմ ձեր նկատմամբ, բայց պետք է ցավով խոստովանեմ, որ ձեզ խաբել են, կամ չեմ ուզում նույնիսկ մտածել, որ ձեզ չեն խաբել, դուք եք խաբում։ Դա բացառում եմ տեսականորեն անգամ, ձեզ խաբել են, և այն ինչ որ դուք ասում եք, սխալ ընկալումից ելնելով եք ասում։ Ձեզ ասում եմ, որ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից սկսած, Հայաստանի տարածքը նույնն է։ Անկախ նրանից, թե եղանակի տեսության ժամանակ ինչ քարտեզ էին ցույց տալիս, իրականում Հայաստանի Հանրապետությունը ոնց կար, ոնց հռչակվել էր, ոնց արտացոլված էր ձերոնց կողմից ընդունված և ձեր այսօրվա և նախկին գործընկերների կողմից ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում, Հայաստանի Հանրապետության տարածքը լրիվ նույն է եղել, այսօր էլ Հայաստանի Հանրապետության տարածքը նույն է, մի փոքրիկ տարբերությամբ, որ ռազմական գործողությունների արդյունքում ինչ-որ տարածքներ հայտնվել են և մինչ օրս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այսինքն թղթի վրա լրիվ նույնն է, փոխադարձ ճանաչվածության առումով և բոլորի կողմից ճանաչվածության առումով, սակայն գետնի վրա և 90-ական թվականներին, և 2020-ի և հետո ռազմական գործողությունների հետևանքով մեր սուվերեն տարածքների շուրջ 200 քկմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Նաև գաղտնիք չի, որ կան միջազգային սահմանների առումով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են այսօր մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ուրեմն ինչպե՞ս լուծել այս հարցը։ Մեր խորին համոզմամբ ոչ նոր ռազմական գործողություններով այդ սուվերեն տարածքները ազատագրելու ճանապարհով, կլինի դա մեր կողմից, թե իրենց կողմից։

Մենք ունենք ընկալում, պայմանավորվածություն, որ այս տարածքների վերադարձի գործընթացը՝ մերը՝ մեզ, իրենցը՝ իրենց, պետք է տեղի ունենա մեկնարկած և շարունակվող սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում այդ գործընթացի արդյունքում»։

Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ԱԳ նախարարն ասաց. «Դուք իսկապես կարող եք հիմա ասել, որ այդպես էլ չտեսաք, որ 2021 թվականի օգոստոսից որևէ գերի ազատ արձակվե՞ց։ Կարծում եմ, որ ազնիվ չի լինի, եթե ասեք նման բան։ Ես կարող եմ իհարկե ասել, որ պատանդառված անձանց ազատ արձակումը մեր ամենօրյա աշխատանքն է, մեր ամեն միջազգային շփման մեջ դա իր առանձին դեր ունի, և առաջին հերթին Ադրբեջանի հետ խոսակցության մեջ դա առաջնային տեղ ունի։ Բայց դա կարող է հնչել որպես շաբլոն նախադասություն՝ թեմայից խուսափելու համար։ Հիմա քանի դեռ հերթական արդյունքը չկա, շոշափելի գործողությունը չկա, չեմ ուզում այդ շաբլոն նախադասությունը ասել։ Բայց նաև կխնդրեի և կակնկալեի, որ մեր ջանքերը այս ուղղությամբ ոչ մեկ կասկածի տակ չդնի, մենք ոչ պակաս, քան դուք, շահագրգռված ենք այս հարցի շուտափույթ լուծման մեջ»։

  • Կիսվել: