շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՀՀ-ի եւ ԼՂ ՊԲ-ի զինանոցում չի եղել մի զենք, որ կիրառված չլիներ 44-օրյա պատերազմում. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ-ի եւ ԼՂ ՊԲ-ի զինանոցում չի եղել մի զենք, որ կիրառված չլիներ 44-օրյա պատերազմում. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

Չեմ ուզում նորից նախկին-ներկա թեմայի մեջ մտնեմ, բայց ինձ դառնացնում է, որ այդ լրջության մարդը Հայաստանը ղեկավարել է, ո՞նց կարելի է այդքան անլուրջ գտնվել: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե 2018-ից ի վեր Հայաստանը ռազմատեխնիկական օգնություն չի ստացել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ զինամթերքի ու անձնակազմի միայն 50 տոկոսն է ներգրավված եղել:

«Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որեւէ մեկը ձեզ ասե՞լ է, որ իրենք զենքի պակաս են ունեցել: Կատարյալ սուտ է, որ 2018-ից հետո Հայաստանը զենք չի ստացել: Օգնություն ասելով ի՞նչ նկատի ունեն, եթե նկատի ունեն ձրի զենք, չասեմ՝ ձրի զենքն ինչ է: Հայաստանը 2018-2020-ին ձեռք էր բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին բոլորը իրար հետ վերցրած: Սա ապացուցված վիճակագրություն է:

Այո, ՍՈՒ 30-ները չեն օգտագործվել, որովհետեւ դրանք ձեռքբերված են եղել այդ պահին ոչ վաղ անցյալում եւ ֆիզիկապես պատրաստ չեն եղել կիրառման: Մնացած մեր զինանոցում եղած, ԼՂ ՊԲ-ում եղած զենք չկա, որ կիրառված չլիներ: Չէր կարող նման բան լիներ»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց, որ ինքն անձամբ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ՔՊ-ի ջոկատով եղել են մարտական հերթապահության, վերադարձել են եւ իրենց ունեցած տեղեկատվությունը ոչ մի անգամ չեն օգտագործել ներքաղաքական պայքարի համար. «Մի բան կարող եմ ասել, որ նման մակարդակի արտահայտությունները պատիվ չեն բերում երկրի թեկուզ նախկին, թեկուզ ոչ լեգիտիմ, թեկուզ ոչ մի անգամ ազատ ընտրություններով ժողովրդի քվեն չստացած ղեկավարին»,-ընդգծեց Փաշինյանը:

  • Կիսվել: