շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչ․ Հաջիզադե

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչ․ Հաջիզադե

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, ասել է. «Այսօր իսկապես գլխավոր խնդիրը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող «տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ» (չակերտները-խմբ.), որն ուղղակիորեն հղում է կատարում Հայաստանի անկախության ակտին, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորում»։

Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի պահանջել Սահմանադրությունից հանել այդ պահանջները, «որոնք ուղղակիորեն ազդում են Ադրբեջանի ազգային անվտանգության վրա», և դա չի կարող գնահատվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին (չակերտները-խմբ.):

Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու միակ միջոցը հարևան երկրների հետ հարաբերություններ կառուցելն է՝ նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև դրանց պահպանման հիման վրա, և «վերացնել այդ ուղղությամբ վտանգ ստեղծող մարտահրավերները» (չակերտները-խմբ.)»:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից»։

«ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»,-նշել էին ՀՀ ԱԳՆ-ից:

  • Կիսվել: