չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Իրանի ԱԳՆ տեղակալը կարևորել են վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Իրանի ԱԳՆ տեղակալը կարևորել են վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը

Հոկտեմբերի 13-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարուստ օրակարգը: Կողմերը շեշտել են տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը: 

Դավիթ Կարապետյանը և  Սայիդ Խաթիբզադեն քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները՝ անդրադառնալով «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» համաժողովների շրջանակներում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

  • Կիսվել: