ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Օգոստոսի 4-ին Նայրոբիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին։
Զրուցակիցները կարևորել են առաջնորդների գագաթնաժողովին և բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակով մասնակցության ապահովումը` կենսաբազմազանության օրակարգին քաղաքական խթան հաղորդելու և համաժողովի արդյունքներն ամրապնդելու համար:
Մտքեր են փոխանակվել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի օժանդակ մարմինների` Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի (SBSTTA-28) և Իրականացման օժանդակ մարմնի (SBI-7) Նայրոբիում անցկացվող նիստերի շրջանակներում ընթացող բանակցությունների և աշխատանքների վերաբերյալ:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է համաժողովի անցկացման հարցում ՀՀ նախագահության առաջնահերթությունները՝ վերահաստատելով ներառական և արդյունքահենք համաժողով ապահովելու Հայաստանի հանձնառությունը՝ բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածությամբ։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:



