հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՀՀ ԱԳ նախարարն ու ՄՔԴ տուժածների հավատարմագրային հիմնադրամի գործադիր տնօրենը քննարկում են ունեցել

ՀՀ ԱԳ նախարարն ու ՄՔԴ տուժածների հավատարմագրային հիմնադրամի գործադիր տնօրենը քննարկում են ունեցել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում  հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի՝ տուժածների հավատարմագրային հիմնադրամի գործադիր տնօրեն Դեբորա Ռուիզ Վերդուսկոյի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և հիմնադրամի միջև փոխգործակցության հարցեր։
Նախարար Միրզոյանը հայտնել է Հայաստանի սկզբունքային աջակցությունը հիմնադրամի գործունեությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ իրականացվող ծրագրերում։

Դեբորա Վերդուսկոն ներկայացրել է Հռոմի կանոնադրության հիման վրա ՄՔԴ անդամ պետությունների կողմից 2002 թվականին ստեղծված հիմնադրամի գործունեության շրջանակը, դրա կողմից իրականացվող ծրագրերն ու աջակցության մեխանիզմները։

Մինչ ՄՔԴ-ն հետաքննում և քրեական հետապնդում է ցեղասպանության, մարդկության դեմ, պատերազմական և ագրեսիայի հանցագործությունների դեպքերը, Տուժածների հավատարմագրային հիմնադրամն արձագանքում է ՄՔԴ-ի իրավասության ներքո գտնվող հանցագործությունների հետևանքով պատճառված վնասին։

Հիմնադրամը մասնավորապես աջակցում է զոհերի և նրանց ընտանիքների իրավունքների իրացմանը՝ տրամադրելով փոխհատուցում և օգնություն։ Հիմնադրամն աշխատում է զոհերի հետ՝ հոգեկան առողջության, ֆիզիկական վերականգնման և նյութական աջակցության հետ կապված կենսական ծրագրեր իրականացնելու համար։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով գտնվում է Նիդեռլանդներում:

 

  • Կիսվել: