ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հեռուստաընկերություններում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների 90%-ը եղել են հյուրերը. Հակոբյան

Հեռուստաընկերություններում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների 90%-ը եղել են հյուրերը. Հակոբյան

«Արտակարգ դրության պայմաններում համավարակի ընդհանուր ալիքին ուղեկցում է տեղեկատվական բուռն արշավ և առանձին հեռուստաընկերություններ կեղծ տեղեկություններ են տարածում կորոնավիրուսի գոյության, դիմակներ չկրելու վերաբերյալ։ Արդյոք ՀՌԱՀ-ը մոնիտորինգ չի՞ անում»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, որը ներկայացնում էր 2019 թվականի ՀՌԱՀ գործունեության մասին հաշվետվությունը։

ՀՌԱՀ նախագահը նշեց, որ չի կիսում պատգամավորի տեսակետը և առաջին անգամ տեսել է հեռուստաընկերությունների պատրաստակամությունը՝ օգնելու պարետատանը իրազեկման աշխատանքներում։

«Պարետատունը բոլոր տեսաձայնային հոլովակները փոխանցում է մեր միջոցով, և այս երկու ամսվա մեջ՝ մարտի 20-ից սկսած, չի եղել դեպք, որ հեռուստաընկերությունները հրաժարվեն ցուցադրել այդ հոլովակներն անվճար»,- ասաց Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ հեռուստաընկերություններն իրենք էլ փորձել են իրենց կողմից իրազեկող անիմացիոն հոլովակներ պատրաստել:

Այսպիսով, ըստ ՀՌԱՀ նախագահի, հեռուստաընկերությունները բավական լավ աշխատանք են կատարել կորոնավիրուսի պայմաններում։

Տիգրան Հակոբյանն ասաց, որ իրենք դիտարկում են նաև, թե լրատվական հաղորդումներն ինչպես են անդրադառնում համավարակի լուսաբանմանը, որից ևս ՀՌԱՀ-ը գոհ է:

«Պարբերաբար մոնիտորինգ ենք արել և նկատել, որ հեռուստաընկերությունները փորձում են իրենց պրոֆեսիոնալիզմի սահմաններով իրազեկել քաղաքացիներին: Համավարակի վերաբերյալ ապատեղեկատվության 90 տոկոսը հյուրերն են, որոնք շատ ժամանակ, ցավոք, հատուկ հրավիրվում են, որպեսզի ապատեղեկատվություն տարածեն։ Խոսքը միայն կորոնավիրուսի մասին չէ»,- ասաց Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ եթե մարդը ապատեղեկատվություն է տարածում, ապա դա վերաբերում է և կորոնավիրուսին, և քաղաքական պրոցեսներին։

ՀՌԱՀ նախագահը հայտնեց, որ կորոնավիրուսի հետ կապված խուճապ տարածելու համար մոտ 20 օր առաջ մի հեռուստաընկերության տուգանել են և զգուշացրել, որ նման բաներ չպետք է արվեն՝ հատկապես, երբ այդ հաղորդումը տեսագրվում է։

Նրա խոսքով՝ իրենց լիազորությունների սահմանում փորձում են ընդվզել, բայց դա շատ ծանր ճանապարհ է և նոր օրենքի ընդունմամբ պետք է գտնեն խոսքի ազատության և մարդկանց օբյեկտիվ տեղեկություն ստանալու բալանսը:

Արման Բաբաջանյանն ասաց, որ իրեն հայտնի է լրատվամիջոցներից մեկի օրինակը, երբ այդպիսի հյուրերից մեկը, որը եթերում անակնկալի էր բերել հեռուստաընկերության տնօրինությանը և խոսել էր վիրուսի չգոյության և իր անհամաձայնությունների մասին, այդ հեռուստաընկերությունն, ըստ պատգամավորի, հեռացրել էր այդ նյութը։

«Սա կարևոր, պատասխանատու հանձնարարական է, որը գուցե նաև ձեր տիրույթում է»,-ասաց Արման Բաբաջանյանը։

Տիգրան Հակոբյանն էլ նկատեց, որ դա իրենց տիրույթում չէ, արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները սահմանում է ՀՀ կառավարությունը, պարետատունը։

  • Կիսվել: