երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին

Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խիստ քննադատել է նախընտրական քարոզչության որոշ հոլովակներում տարածվող բովանդակությունը՝ նշելով, որ դրանք պարունակում են ապատեղեկատվություն, ատելության խոսք և հասարակությանը մոլորեցնող վտանգավոր նարատիվներ։
 
«Սա «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից երկու դրվագ է: Պարզվում է՝ Արևմտյան Ադրբեջանի Էրիվանի մարզում Մայր Հայաստանի փոխարեն Աթաթուրքի արձանն է կանգնեցվելու, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի փոխարեն՝ աշխարհի ամենախոշոր մզկիթը, անվավեր են ճանաչվելու հայկական անձնագրերը... և այսպես շարունակ: Իբր Հայաստանի մոտ ապագայի վիճակն է: Հոլովակը դիտելուց հետո զզվանք ու սրտխառնոց են առաջանում:
 
Քաղաքական ուժերին և որոշ հեռուստատեսություններին միայն թվում է, որ նախընտրական շրջանում նախընտրական քարոզչության անվան տակ կարող են սղղացնել ցանկացած կեղտ, ապատեղեկատվություն, հուսահատություն, տխմարություն, հայատյաց բովանդակություն:
 
Հազա՛ր անգամ ամոթ...»,- գրել է Հակոբյանը:

  • Կիսվել: