կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկական ֆիլմում հնչեցվում են ադրբեջանական քարոզչամիջոցների անհիմն մեղադրանքները. հիմնադրամը՝ «Հատուցում 2» ֆիլմի մասին

Հայկական ֆիլմում հնչեցվում են ադրբեջանական քարոզչամիջոցների անհիմն մեղադրանքները. հիմնադրամը՝ «Հատուցում 2» ֆիլմի մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը արձագանքել է «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում Հիմնադրամի վերաբերյալ հնչած անհարկի շահարկումներին։

Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է. 

«Երկիր մեդիա» և USA Armenia (ԱՄՆ) հեռուստաընկերություններով  ցուցադրվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում հնչել են  «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող անհիմն մտքեր (ընդ որում այն հորջորջելով որպես «Հայաստանի հիմնադրամ»), մերկապարանոց մեղադրանքներ և իմաստազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև կարող են թյուր կարծիք ձևավորել հայ հասարակության և, մասնավորապես, սփյուռքահայության շրջանում, ինչպես նաև անվստահություն առաջացնել նրանց բնակության և/կամ քաղաքացիության երկրների համապատասխան մարմինների մոտ:

Հասկանալով հանդերձ, որ ֆիլմի տեքստերի հեղինակները կարող են վկայակոչել այսպես կոչված «գեղարվեստական ստեղծագործության» մեջ մտացածին և իրականության հետ աղերս չունեցող մտքեր արտահայտելու իրենց իրավունքը, ուզում ենք ընդգծել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության բացառիկ կառույց է, որի գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրա հեղինակությամբ և նրա նկատմամբ ձևավորված վստահությամբ:

Առանց անդրադառնալու գեղարվեստական արժեքով կասկածելի այս ֆիլմում օգտագործվող հայերենի  անհարիր բառապաշարին, արտահայտված բովանդակազուրկ մի շարք մտքերին, իրականության խեղաթյուրմանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆիլմի հեղինակներին և դրա ստեղծման ու ցուցադրման հետ առնչություն ունեցող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում անհարկի չշահարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվանումը և խուսափել դրա գործունեությունը վարկաբեկող ցանկացած դրսևորումից:

2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով սկսված Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Հայաստանն ու Արցախը պաշտպանելու  համար: Հարյուր հազարավոր մեր  հայրենակիցների ֆինանսական և բարոյական աջակցությունն անգնահատելի էր և շարունակվում է մինչև օրս` ուղղվելով Արցախի վերականգնմանը, զարգացմանը, արցախահայության տարաբնույթ կարիքների բավարարմանը, ինչպես նաև Հայաստանի սահմանային համայնքներում իրականացվող բազմաթիվ կենսական ծրագրերին:

Չմտածված, ակնհայտ վիրավորական և քաղաքական ենթատեքստ ունեցող նման արտահայտություններն արժեզրկում են պատերազմի ընթացքում և դրանից հետո մեզանից յուրաքանչյուրի ունեցած ներդրումը: Հիմնադրամի գործունեությունը մշտապես եղել է բաց, թափանցիկ և հաշվետու: Փոխանցված բոլոր միջոցները ծախսվել և ծախսվում են նպատակային և արդյունավետ, ինչը հաստատվել է հեղինակավոր միջազգային աուդիտի եզրակացությամբ:

Ցավալի է, որ հենց  հայկական արտադրության  ֆիլմում են հնչեցվում սովորաբար ադրբեջանական քարոզչամիջոցներից  հնչող անհիմն ու փաստազուրկ մեղադրանքներ։ Մենք վստահ ենք, որ հայ հասարակությունը և մեր միջազգային գործընկերները տիրապետում են ճշմարիտ տեղեկատվությանը և իրական փաստերին, ուստի կրկին անգամ կոչ ենք անում խուսափել Հիմնադրամի բարի համբավն ու հեղինակությունն արատավորող գործեալոճից: Սույն հղումով կարող եք ծանոթանալ Հիմնադրամի 2020թ. տարեկան հաշվետվությանը, իսկ 2021-ի հաշվետվությունը կհրապարակվի նույն կայքէջում՝ ս.թ. հուլիս ամսվա սկզբին։

  • Կիսվել: