հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայկ Մարությանը որոշել է «կրակային պարապել». նա դեռ ջոկատ է ձևավորում. «Ժողովուրդ»

Հայկ Մարությանը որոշել է «կրակային պարապել». նա դեռ ջոկատ է ձևավորում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ նոյեմբերի 6-ին եւ 9-ին խորհրդարան է հրավիրվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ըստ մեր տեղեկությունների՝ ուրբաթ օրը Մարությանը պետք է ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ներկայացնի 2021 թվականի պետական բյուջեն:

Իսկ արդեն նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն է, որտեղ կրկին պետք է քաղաքապետ Մարությանը ներկա գտնվի: Սակայն դեռեւս պարզ չէ՝ արդյոք Մարությանը անձամբ կժամանի խորհրդարան, թե ներկայացուցիչ կուղարկի։ Տեղեկություններ ունենք, որ այս օրերին քաղաքապետը որոշել է մեկ-մեկ «կրակային պարապել»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին հայտարարեց, որ համայնքապետերը պետք է ջոկատներ ձեւավորեն եւ առաջնագիծ մեկնեն: Հենց գիշերը քաղաքապետի խոսնակը տեղեկացրեց. «Երեւանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։ Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը»։ Սակայն վարչապետի կոչից 13 օր անց դեռ Հայաստանի ամենամեծ համայնքի ղեկավարը Երեւանում է։ Նրան «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը տեսել է Վերնիսաժի այգում դիմակով իր տուն մուտք ու ելք անելիս։ Իսկ այս օրերի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանի ցույց տված քարտեզի վրա հակառակորդի գրաված հատվածը գնալով մեծանում է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: