հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայկ Կոնջորյանին սաստել են «բիզնեսդասային» թռիչքի համար.  «Ժողովուրդ»

Հայկ Կոնջորյանին սաստել են «բիզնեսդասային» թռիչքի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի «բիզնեսդասային» թռիչքը դուր չի եկել նաեւ իշխանական էլիտային: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆրանսիայից Հայաստան վերադարձող Կոնջորյանը ինքնաթիռի «Բիզնես» դասի հատվածում է նստած եղել, ինչը թե՛ գործադրի, թե՛ օրենսդրի անդամների համար քննարկման իրական ու լուրջ թեմա է դարձել:

Մասնավորապես՝ իշխանականներին դուր չի եկել հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ թիկնապահներով ու ուղեկցողներով մեկտեղ, «Էկոնոմ» դասում է նստել, Կոնջորյանը առոք-փառոք «Բիզնես» դասում է տեղավորվել: «ՔՊ-ականները Կոնջորյանին սաստել են անգամ, թե՝ ֆայմեիր, տեղդ տիկին Հակոբյանին զիջեիր. ի՞նչ պարտադիր էր՝ «Բիզնես» դասում նստեիր»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի մերձիշխանական աղբյուրը:

Մեր տեղեկություններով՝ խորհրդարանի իշխանական խմբակցության ղեկավարի հետ այդ մասով սաստիչ խոսակցություն է ունեցել ԱԺ ղեկավարությունը: «Կոնջորյանին սաստիչ «մեսիջներ» են եկել նաեւ կառավարական կաբինետից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի անունից»,- ասաց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Կոնջորյանն արդարացել է, թե ինքնաթիռի «վիփ» ավիատոմսն ավելի էժան՝ մոտ 400 հազար դրամ է եղել, իսկ էկոնոմը՝ 600 հազար դրամ, թեպետ միշտ լինում է ճիշտ հակառակը:

Միջադեպի մասին «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաեւ Հայկ Կոնջորյանի մեկնաբանությունը լսել: Նրա օգնականին փոխանցեցինք, որ լուրն առանց Կոնջորյանի մեկնաբանության չէինք ցանկանա գրել: Օգնականն ասաց, որ մեր հարց-խնդրանքը նրան կփոխանցի, Կոնջորյանը, սակայն, մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեց:

Ի՞նչ է ստացվում. Հայաստանն այս օրերին պետականության ու ինքնիշխանության լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, իսկ իշխանական «էլիտան» ինքնաթիռում յուղոտ տեղերում նստելու համար ինքն իր մեջ կռիվ է տալիս:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: