«Հայաստանը զրկվել է տրանզիտ երկիր լինելու հնարավորությունից». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ անցկացվող ֆորումին խոսել է նաև Ադրբեջանի վարած քաղաքականության, ադրբեջանա-վրացական հարաբերությունների և Հայաստանի մասին։
«Ադրբեջանը մի շարք երկրների հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության համաձայնագրեր, ինչը հնարավորություն է ստեղծել ձևավորելու համատեղ մոտեցումներ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև՝ աշխարհագրական, քաղաքական, տնտեսական և տրանսպորտային ոլորտներում։ Ակնհայտ է, որ տարածաշրջանում Ադրբեջանը զբաղեցնում է առանցքային դիրք, սակայն որոշ ուժեր փորձում են ամբողջությամբ մեկուսացնել նրան՝ բաժանարար գծեր անցկացնելով Հարավային Կովկասում։ Բայց դա չի ստացվի», - ասել է Ալիևը։
«Եթե դիտարկենք ադրբեջանա-վրացական հարաբերությունները, կտեսնենք, որ էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտը, ներդրումները, քաղաքական երկխոսությունը՝ այս ամենը տալիս է իր դրական արդյունքները։ Փաստացի, Հայաստանը ինքն է իր ագրեսիայի ու օկուպացիայի պատճառով զրկվել տրանզիտ երկիր լինելու հնարավորությունից։ Արդյունքում՝ նրանց իրական անկախությունը դարձավ դժվար իրագործելի։ Նրանք ապրում էին «Մեծ Հայաստանի» մասին ֆանտազիայով», - ավելացրել է նա։