երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայաստանը պարտավոր է հարգել մեր երկրի տարածքային ամբողջականությունը». Ադրբեջանը դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին՝ արձագանքելով ԱԳՆ-ի հայտարարությանը

«Հայաստանը պարտավոր է հարգել մեր երկրի տարածքային ամբողջականությունը». Ադրբեջանը դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին՝ արձագանքելով ԱԳՆ-ի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական հերթական ռազմական սադրանքին վերաբերող՝ ՀՀ ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը:

՛՛Այն փաստը, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը երկերեսանիորեն ռազմական սադրանքների պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա և, հակառակ մեր երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, խրախուսում է միջազգային առաքելություն ուղարկումը Ղարաբաղ, միջամտում է մեր ներքին գործերին, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս երկիրը որևէ նշանակություն չի տալիս միջազգային պարտավորություններին՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Բացի այդ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցնել Հայաստանի հասցեին՝ ՛՛Արցախում ՀՀ-ի զորքեր պահելու և միջազգային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ՛՛։ Բաքուն Հայաստանին մեղադրել է նաև ՛՛խաղաղության ջանքերը խոչընդոտելու, կեղծ ու սուտ հայտարարություններ անելու համար՛՛:

՛՛Հետհակամարտային շրջանում հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերման վերաբերյալ հայկական կողմի պարտավորությունների չկատարումը Ադրբեջանի անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուրն է:

Հայաստանը պարտավոր է գործնականում հարգել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ներառյալ Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանը՛՛,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով. ՛՛Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ: Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը՛՛:

ՀՀ ԱԳՆ-ն նաև կոչ էր արել միջազգային հանրությանը հստակ քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:

  • Կիսվել: