երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը ներկայացնող անձը չպետք է փախչի, բունկերներից ոչ սթափ վիճակում խոսք ասի. Մանասերյան

Հայաստանը ներկայացնող անձը չպետք է փախչի, բունկերներից ոչ սթափ վիճակում խոսք ասի. Մանասերյան

Առաջիկայում սպասվող ենթադրաբար մոսկովյան հանդիպումից հետո ազգային մտահոգություններ ունեցող ուժերին մտադիր ենք հավաքել կլոր սեղանի շուրջ՝ հասկանալու համար՝ ով ով է Հայաստանում: Այս մասին այսօր Նժդեհի արձանի մոտ քաղաքական ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Քաղաքացիական խորհուրդ՛՛ ՀԿ-ի ներկայացուցիչ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս իրավիճակում շատերը փորձում են անմաքուր խաղեր խաղալ, ինչը մեր կողմից անընդունելի է: Մեր բողոքի նպատակը հայ հասարությանն ուղղված զգոնության կոչն է, որպեսզի արթնանա մարդկանց մեջ սեփականատիրոջ զգացողությունը, անհանդուրժողականությունն իր արժանապատվությունը ոտնահարելու, օրինազանցություններ անելու հանդեպ։ Դա արտահայտվում է ոչ միայն անցած տարվա պարտությամբ ու հրադադարի հայտարարությամբ, այդ ցավոք սրտի, դրանք նաև ծիլեր են տալիս, որը մենք պարտավոր ենք կասեցնել՛՛։

Այս կասեցումը, նրա խոսքով, պետք է լինի առողջ ուժերի, ազգային գիտակցություն ունեցող մարդկանց ու կառույցների շնորհիվ. ՛՛Հնարավոր է ակցիան լինի մարդաշատ կամ սակավաթիվ մարդկանցով։ Կարևորը չլռելն է։ Եթե մենք լռում ենք, ուրեմն համաձայնություն ենք տալիս, մեղսակից, հանցակից ենք դառնում այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Հայ մարդը պետք է այսօր ոտքի կանգնի՛՛։

Մանասերյանն անդրադարձավ եռակողմ փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին հարցին և ասաց, որ ամենամեծ մտահոգությունն այն է, որ ստորագրողը պետք է լիազորված լինի, ոչ թե անցյալ տարվա նման փախնի ու ոչ սթափ վիճակում բունկերներից խոսք ասի։

Նա նշեց. ՛՛Պետք է ժողովրդի հետ կապը վերականգնվի նաև ժողովրդի պարտադրանքով։ Առանց ժողովրդի մասնակցության չպետք է թույլ տրվի նման բախտորոշ պահերին օրինազանցություն տեղի ունենա, ինչպես անցյալ տարի, երբ խախտվեցին Սահմանադրությունը, օրենքները՛՛

Հիշեցնենք, որ Երևանի Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել: 27 քաղաքական ու հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որից հետո երթով շարժվել են դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ, ապա՝ Եռաբլուր:

  • Կիսվել: