երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում COP17-ի անցկացմանը․ Մաթևոսյանն ընդունել է Ֆաբիո Վազ Պիտալուգային

Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում COP17-ի անցկացմանը․ Մաթևոսյանն ընդունել է Ֆաբիո Վազ Պիտալուգային

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել  է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։
 
Քննարկումների կենտրոնում եղել են գլոբալ բնապահպանական գործընթացները և երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները, մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերին Բրազիլիայում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովի (COP 30) և 2026 թվականի հոկկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) նախապատրաստական աշխատանքները և օրակարգային ուղղությունները։
 
Դեսպան Պիտալուգան ընդգծել է Բրազիլիայի հանձնառությունը՝ ապահովել համաժողովի բարձր արդյունավետություն և ներառականություն՝ ներկայացնելով դրանց համատեքստում Բրազիլիայի տեսլականը, առաջնահերթությունները և հիմնական թեմատիկ ուղղությունները։Նա հետաքրքրություն է հայտնել Հայաստանի մասնակցության, պատվիրակության կազմի և նախատեսվող առաջարկների նկատմամբ։
 
Հատուկ ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ Հայաստանը նախապատրաստվում է հյուրընկալել COP 17-ը՝ 2026 թվականի աշնանը․ նախարար Մաթևոսյանը ներկայացրել է կազմակերպչական գործընթացների ընթացքը, բովանդակային օրակարգի ձևավորման փուլը և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությունները։ Նա շեշտել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այս կարևոր համաշխարհային իրադարձության անցկացմանը և նպատակ ունի բարձրացնելու երկրի դերը միջազգային բնապահպանական քաղաքականության ձևավորման մեջ։
 
Կողմերը  անդրադարձել են նաև․
 
-Փարիզյան համաձայնագրով նախատեսված Ազգային մակարդակով սահմանված ներդրումներին (NDC), դրանց թարմացման և իրագործման մեխանիզմներին,
-ՄԱԿ կոնվենցիաների սիներգիայի ապահովման նախադրյալներին,
-Էկոհամակարգերի կայուն կառավարման, արտանետումների կրճատման, ադապտացիայի ռազմավարությունների և կանաչ փոխակերպման խթանման խնդիրներին,
-COP հարթակում երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարներին։
 
Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու կանոնավոր երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը, հատկապես՝ մոտալուտ համաշխարհային համաժողովների նախաշեմին։

  • Կիսվել: