հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը հենց այսօր էլ պատրաստ է ապահովել ադրբեջանցիների անվտանգ մուտքը Նախիջևան իր տարածքով, բայց միայն ՀՀ օրենսդրության համաձայն. Փաշինյան

Հայաստանը հենց այսօր էլ պատրաստ է ապահովել ադրբեջանցիների անվտանգ մուտքը Նախիջևան իր տարածքով, բայց միայն ՀՀ օրենսդրության համաձայն. Փաշինյան

Հայաստանի պարտավորությունների մասին խոսելիս Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովել, այո, մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել: Այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջեւան: Հենց այսօր: Հենց այսօր պատրաստ ենք ապահովել: Մենք նաեւ դեռեւս նախորդ տարվանից ունենք կետ, որտեղ կա Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության կետ եւ սահմանապահ ծառայության կետ, եւ ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջեւանի հետ: Ես այսօր պաշտոնապես ասում եմ՝ այսօր Ադրբեջանը հենց մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը եւ երթևեկություն իրականացնել դեպի Նախիջեւան:

Մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջեւան, և մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ղազախ-Իջեւան հատվածով, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածով, Սիսիանի հատվածով, Երասխի հատվածով Գորիսի հատվածով, որտեղ վաղուցվանից մաքսային ծառայության հսկողություն ունենք: Այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել: Չկա դեպք, երբ իրենք գան, ասեն՝ ուզում են հատել, այդ կապը հաստատել, եւ մենք խոչընդոտենք: Այդպիսի դեպք պարզապես գոյություն չունի:

Բայց էլի եմ ասում՝ Հայաստանի Հանրապետության տարածքն է, եւ դա, բնականաբար, պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն, եւ, իհարկե, անվտանգության ապահովում, որը մենք երթեւեկության անվտանգության ապահովում, որտեղ նաեւ ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք եւ պատրաստ ենք եւ կապահովենք: Որեւէ կասկած դրանում չունենք»,- ընդգծել է ՀՀ վարչապետը` հանձնարարելով ԱԱԾ և ՊԵԿ ղեկավարներին ապահովել այդ ուղիների անվտանգությունը Իջեւանի ևՆոյեմբերյանի հատվածներում:

  • Կիսվել: