չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հայաստանը դեռ չի կարողացել լիարժեք օգտագործել իր տնտեսական ու ժողովրդական ներուժը. Տարոն Աճեմօղլու

Հայաստանը դեռ չի կարողացել լիարժեք օգտագործել իր տնտեսական ու ժողովրդական ներուժը. Տարոն Աճեմօղլու

Ցավոք, Հայաստանը դեռ չի կարողացել լիարժեք օգտագործել իր տնտեսական ու ժողովրդական ներուժը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին, «Մեր ձեւով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ ասաց շարժմանը միացած հայտնի տնտեսագետ, տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն։

«Կա երկու ուղղություն, որոնք առանձնապես կարեւոր են։ Առաջինը՝ Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի եւ գտնի ճիշտ հավասարակշռություն պետության, իշխանության եւ տեղական եւ օտարերկրյա ներդրումների խթանումների միջեւ։ Գույքային իրավունքի պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի, հատկապես տեխնոլոգիական ոլորտում։ Հայաստանն անկասկած պետք է արդար բաժին ունենա բնական պաշարների զարգացման արդյունքներից, սայկայն դա հնարավոր է, եթե գործում է գույքային իրավունքի կանխատեսելի եւ հետեւողական համակարգ։ Սա բարդ, նուրբ հավասարակշռություն է եւ հեշտ է ուղղել որեւէ ուղղություն։ Այդ պատճառով ժողովրդավարության, գույքային իրավունքի, պայմանագրային հարաբերությունների եւ թափանցիկության նկատմամբ հստակ հանձնառությունը կենսական է։ Հայաստանին անհրաժեշտ է նաեւ միջազգային փորձ ու գիտելիք զարգացման նոր որակ ապահովելու համար, սա հատկապես վերաբերում է տեխնոլոգիաներին։ Հայաստանի խնդիրները նաեւ պայմանավորված են աշխարհագրական դիրքով, այս պարագայում թվային տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների տնտեսությունը Հայաստանին տալիս է առավելություն։ Արհեստական բանականության ոլորտում ներդրումները կարող են դառնալ լուծման առանցքային բաղադրիչ։ Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի համար տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը։ Այն, սակայն, պետք է ճիշտ օգտագործվի»,– ասել է տնտեսագետը։

Անդրադառնալով ՀԷՑ–ի «ազգայնացմանը», Աճեմօղլուն նշել է, որ յուրաքանչյուր պետության համար գույքային իրավունքի պաշտպանությունը կենսական նշանակություն ունի. «Ամենակարեւորն այն է, որ ստեղծվի վստահելի ու ապահովելի միջավայր օտարերկրյա ներդրողների համար»։

  • Կիսվել: