շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը չպետք է խոչընդոտեր ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ. Նազարյան

Հայաստանը չպետք է խոչընդոտեր ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ. Նազարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեզամ Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Ղազախստան` ՀԱՊԿ խաղաղապահ զորախում ուղարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ 

«Բազմաթիվ հարցադրումների հանդիպեցի, թե որն է Հայաստան խմբակցության դիրքորոշումը Ղազախստան զորախումբ ուղարկելու հարցում։ 

Հստակ եւ պարզ նշում եմ՝ «Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որեւէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր, շատ հասկանալի պատճառով.

Ղազախստանը 44-օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ։ Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9-ին։

Կարծում եմ՝ մեր դիրքորոշումն ավելի քան պարզ է եւ հստակ։ 
Իմ կողմից ավելացնեմ, որ մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը չենք բուժել, հետեւանքները չենք հաղթահարել անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ, ոչ թե միջկլանային, այլ ներկլանային»,-գրում է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։

  • Կիսվել: