Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, որը չի կատարել. Միրզոյան
Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն՝ ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:
«Մենք քանիցս ասել ենք՝ մենք պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Մենք հանդես ենք եկել խոր և շատ ընդգրկուն նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով»: Դրա տրամաբանության մեջ և այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ ենք արել:
Հարցը միայն Ադրբեջանի մասով չէ. տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, ներառում է, օրինակ՝ մեր արևմտյան հարևանին՝ մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի-Կարս երկաթգծի մասով: Մենք ինքներս այս նույն ապաշրջափակման արդյունքում նպատակ ունենք կապվել նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, և այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք»,- նշեց Միրզոյանը: