շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Հայաստանը չի՛ կարող լինել աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ. Բագրատ Սրբազան

Հայաստանը չի՛ կարող լինել աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ. Բագրատ Սրբազան

Միայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության, որն ինքնին պատերազմի ամենամեծ սպառնալիքն է։

Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ասել է Բագրատ Սրբազանը:

«Այս իմաստով վերստին ցանկանում եմ հիշեցնել, որ․

Հայաստանը չի՛ կարող լինել աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ, որն այս իշխանությունների ձեռագիրն է, այլ պետք է գործի ուժային կենտրոնների շահերի համադրման սկզբունքով, գործընկերային կապերի, փոխգործակցության սկզբունքով։

Հրաժարվել «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից՝ դառնալով կանխատեսելի և վստահելի գործընկեր։

Հարաբերությունների վերականգնում գործընկեր, դաշնակից պետությունների հետ՝ միևնույն ժամանակ ձեռք բերելով նոր դաշնակիցներ և բարեկամներ։

Եվ այս ամենի առանցքը, սկզբունքը, եթե կուզեք՝ «կարմիր գիծը», պետք է լինի սեփական հայկական օրակարգը՝ հեռու ծառայամտությունից և միայն արտաքին շահերի սպասարկումից»,- ասել է Սրբազանը։Նա նշեց, որ պատերազմը չի՛ ավարտվել։

«Այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման և սահմանագծման տեսքով, որտեղ ոչ սահմանազատում և ոչ էլ սահմանագծում գոյություն չունի, այլ հարկադրանքի ներքո պարզապես հողերի հանձնում։ Այն շարունակվում է հոգևոր բարոյական արժեքային և քաղաքակրթական իմաստով, ստի ու կեղծիքի տեսքով՝ թշնամության և ատելության քարոզով, սոցիալական արդարության և իշխանության հանցավոր անգործության տեսքով, որում գերակա շահը իշխանական աթոռը պահելն է՝ ի գին պետականության ձախողման և կորստի և ինքնության ոչնչացման»,- ասել է նա։

  • Կիսվել: