Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում. Պապիկյան
Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․
Նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանն իր սպառազինությունը և բանակն օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք»։
Ըստ Պապիկյանի՝ Հայաստանը վերջին շրջանում նույնպես ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմարդյունաբերությունը, հայկական ռազմարդյունաբերական համալիրի նմուշները կարևոր տեղ են զբաղեցնում բանակի զինանոցում․
«Մենք այս տարիներին զարկ ենք տվել նաև տեղական ռազմարդյունաբերությանը. ունենք նոր, հայրենական, հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հայկական սպառազինության համակարգերը մրցունակ լինեն արտաքին շուկաներում։ Դրա համար նոր ներդրումներ են պետք։ Առանց ոլորտում ներդրումների՝ անհնար է ունենալ միջոցներ, որոնք կարող են մրցակցել օտարերկրյա գործընկերների հետ»,-ասաց նախարարը:


