ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում Յոգայի միջազգային օրվա միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանը

Հայաստանում Յոգայի միջազգային օրվա միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանը

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ հունիսի 21-ին նշվել է Յոգայի 8-րդ միջազգային օրը:

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:

«Միանալով այս նախաձեռնությանը՝ ցանկանում ենք ցույց տալ, որ որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր՝ մենք շատ ենք կարևորում համաշխարհային մշակութային ժառանգությունը և սիրով աջակցում ենք Հայաստանում այլ մշակույթների հանրահռչակմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ընդգծելով յոգայի դերի կարևորությունը նաև որպես առողջ ապրելակերպի բաղադրիչ:

Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ Հայաստանում յոգային նվիրված միջոցառումները արժևորում են Հայաստան-Հնդակաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, ինչպես նաև հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել այդ որոշմանը: 2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը:

Յոգա նշանակում է միություն՝ մարդ անհատի և տիեզերքի էության միջև, հիմնական գաղափարն է՝ խաղաղություն, ոչ բռնությանը:

«Շատ ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում յոգան գտել է իր տեղը: Հայ հասարակությունը, բավականին խաղաղ է, դուք չեք սիրում բռնություն: Ձեզ հարազատ են յոգայի գաղափարները»,- ասել է դեսպան Կիշան Դան Դեվալը:

Միջոցառման ընթացքում յոգայի մասնագետները ներկաների և յոգայով հետաքրքրվողների մասնակցությամբ ցուցադրել են յոգայի տարբեր դիրքեր, մեկնաբանել դրանց նշանակությունը:

  • Կիսվել: