Հայաստանում նման տեմպերով աճող ապատեղեկատվության տարածումը միջպետական հարաբերություններ է խաթարում․ Հակոբ Արշակյան
Քանի դեռ մենք Ազգային ժողովում կառուցողական քննարկում էինք իրականացնում, ինչ-որ լրատվամիջոցներ սկսեցին հրապարակել, թե մենք այս կամ այն երկրի դեմ օրինագիծ ենք ընդունում, այսօր Ազգային ժողովում «Տեսալսողական մեդիայի» մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Ըստ նախարարի, ապատեղեկատվության նման տեմպերով տարածումը միջպետական հարաբերություններն են խաթարում։
«Նման անորակ ստերը հասնում են միջպետական հարաբերությունները խաթարելու ուղիղ գործողություններ են։ Կոչ եմ անում դադարեցնել դրանք։ Անվտանգության մարմիններին կոչ եմ անում հետևել և համապատասխան միջոցներ կիրառել այսպիսի դեպքերում, եթե դրանք միտումնավոր կոնկրետ գծի են հետևում», -հայտարարեց Արշակյանը։
Նշենք, որ Հակոբ Արշակյանի այս հայտարարությանը նախորդել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հայտարարությունը։
Պատգամավորը կես ժամ ժամանակ էր տվել ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցին հեռացնել սուտ լուրը։
«Քիչ առաջ ինձ մի լրատվականից նյութ ուղարկեցին, որը վերնագրված էր հետևյալ կերպ՝ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստալիքների դեմ օրենքի նախագիծը»: Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց, այս հակապետական, խայտառակ, դավաճան վարքագիծը փոխելու համար, կամ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կամ նյութը հեռացնում եք»,- ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարել էր պատգամավորը:


