հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանին օժանդակության ցուցաբերումը հնարավորություն է տալիս նաև շնորհակալություն հայտնել լավ համագործակցության համար․ Բունդեսվեր

Հայաստանին օժանդակության ցուցաբերումը հնարավորություն է տալիս նաև շնորհակալություն հայտնել լավ համագործակցության համար․ Բունդեսվեր

Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության Գերմանական օդուժը (Team Luftwaffe) պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստան ուղարկված հումանիտար առաքելությանը՝ նշելով. «Քաղաքացիական-ռազմական համագործակցության լավ օրինակ. #Team_Luftwaffe-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին օգնության տրամադրման նպատակով տեղափոխել է բժշկական անձնակազմ և սարքավորումներ», գրում է Panorama.am-ը։

Հումանիտար առաքելության մասին հուլիսի 13-ին հաղորդագրություն  է տարածել նաև ԳԴՀ ԶՈՒ (Bundeswehr) պաշտոնական կայքէջը՝ «Գերմանիան աջակցում է Հայաստանին COVID-19 համավարակի դեմ պայքարում» վերնագրով:

«Սա երկու երկրների միջև համերաշխության և բարեկամության նշան է: Գերմանիան Հայաստան է ուղարկում առողջապահության ոլորտի 16 մասնագետ, ինչպես նաև բժշկական սարքավորումներ: Կորոնավիրուսի համավարակը ծանր հարված է հասցրել գրեթե երեք միլիոն բնակչությամբ այդ երկրին, որտեղ կա շուրջ 33.000 վարակված անձ: Գերմանական օդուժն ապահովում է օգնության փոխադրումը:

Երկուշաբթի առավոտյան Քյոլնում պատրաստ կանգնած էր A310 մակնիշի «Կուրտ Շումախեր» 10+23 գրանցմամբ օդանավը՝ վերալիցքավորվելով իր կարևոր առաքելության համար: Անհատական ​​պաշտպանիչ սարքավորումները, շնչառական սարքերը և դեղորայքը սպասում են օդային բեռնաթափման զինծառայողների կողմից օդանավում պահեստավորվելուն:

Գերմանական Միջազգային որոնողական և փրկարարական կազմակերպության (ISAR) բժիշկները և մասնագետները, գերմանական օդուժով ուղևորվում են Երևան՝ իրենց հայ գործընկերներին սատարելու համավարակի դեմ պայքարում՝ կամավոր հիմունքներով: «Իմ թիմը կազմված է բացառապես կամավորներից, որոնք այս առաջադրանքի համար արձակուրդ են վերցրել»,– հայտնում է թիմի ղեկավար դր. Սթիվեն Բայերը։

Նա նաև հավելել է, որ թիմն արդեն նմանատիպ գործողությունների փորձառություն ունի: Մեր կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը ներառում է որոնողական և փրկարարական աշխատանքներից մինչև բժշկական օգնություն»:

Նշվում է, որ Բունդեսվերի համար աջակցության ցուցաբերումը տարբեր պատճառներով նաև պատվի խնդիր է: Բարեկամ Հայաստանն իրեն որպես շատ հուսալի գործընկեր է դրսևորել նաև ռազմական համագործակցության հարցերում, օրինակ՝ Աֆղանստանում: Հայաստանին նման օժանդակության ցուցաբերումը հնարավորություն է տալիս նաև շնորհակալություն հայտնել նախկինում լավ համագործակցության համար:

«Ներկայումս Գերմանիան բավական լավ է վերահսկում համավարակը: Մի քանի շաբաթվա ընթացքում արձանագրված տեմպի նվազումը դեռևս պահպանվում է, երկրորդ ալիք չի սկսվել: Նաև դրա արդյունքում է դաշնային կառավարությունը կարողանում հաջող կերպով միջազգային օգնություն ցուցաբերել: Աջակցությունը Հայաստանին նաև լավ համակարգված քաղաքացիական-ռազմական համագործակցության վառ օրինակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: