ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի ու Բելառուսի քաղաքացիները 30 օրով փոխայցելության դեպքում այլևս հաշվառման չեն կանգնի

Հայաստանի ու Բելառուսի քաղաքացիները 30 օրով փոխայցելության դեպքում այլևս հաշվառման չեն կանգնի

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց «Հայաստանի և Բելառուսի հանրապետությունների կառավարությունների միջև Հայաստանի քաղաքացիների և Բելառուսի քաղաքացիների՝ առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը։
 
Զեկուցողը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության դինամիկ համագործակցությունը բխում է Հայաստանի ազգային շահերից։
 
«Երկկողմ համագործակցության տեսանկյունից հարկ է ընդգծել վերջին շրջանում երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխշփումները»,– ասաց Հովհաննիսյանը։
Այս համաձայնագիրը ԱԺ–ի կողմից վավերացվել է դեռ 2003 թվականի դեկտեմբերի 1-ին, այժմ նախատեսվում է լրացումներ անել։
 
ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ մի կողմի պետության քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթվից 30 օրվա ընթացքում ազատվում են պետության իրավասու մարմիններում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի հաշվառման կանգնելու) պարտականությունից։
30 օրից ավելի ժամկետով մյուս կողմի պետության տարածքում գտնվելու դեպքում՝ տվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել մուտքի պետության իրավասու մարմիններում:
 
ՔՊ–ական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանն իր ելույթում շեշտեց, որ կարևոր ու անհրաժեշտ լրացում է համաձայնագրում և կոչ արեց դրական եզրակացություն տալ։
«Այս կարգավորումը շատ անհրաժեշտ է, քանի որ մեր այն հայրենակիցները, որոնք ինչ–ինչ պատճառներով գտնվում են Հայաստանից դուրս, այսպիսով ավելի հստակ պատկերացում կունենան այդ երկրի տարածքում իրենց մնալու ժամկետների ու իրավական կարգավիճակի վերաբերյալ»,– նշեց Արսենյանը։
 
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագրում լրացումներ կատարելու մասին որոշմանը և արձանագրությունը վավերացնելուն։

  • Կիսվել: