հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին

Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին

Ինձ մոտ վատ հիշողություններ արթնացան պարոն Կարապետյանի ելույթից: Մոտավորապես 2015-2016 թվականն էր, ռուսական հեռուստաալիքներից մեկում՝ թոք-շոուներից մեկի ընթացքում, Հայաստանին համեմատել էին ման եկող կնոջ կամ դավաճանող կնոջ հետ: Հայաստանում մեծ վրդովմունք էր առաջացել, ես էլ էի վրդովվել: Ցավոք, պարոն Կարապետյանի բերած օրինակները նույն աշխարհայացքի մեջ էին: Նիստը վարողի իրավունքով իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության քայլերին վերաբերող ելույթին: 

Հիշեցնենք՝ Նարեկ Կարապետյանն իր ելույթում, մասնավորապես խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին, հայտարարել էր հետևյալը. «Հայաստանն ուզում է Եվրոպային, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ է, ԵԱՏՄ-ն խանդում է, ասում է՝ ուր ես գնում, մենք ասում ենք ԵԱՏՄ-ին՝ Мы просто друзья, մեր մեջ խորքային ոչինչ չկա, բայց ԵԱՏՄ-ն ասում է՝ հիմա որոշիր՝ ինձ հետ ես, թե Եվրոպական միության: 

Էդ պահին մենք ստրատեգիական որոշում ենք անում՝ գնանք Չինաստանի կողմից կազմակերպված ШОС (ՇՀԿ), շոկոլադ և ծաղիկ ուղարկենք էնտեղ»:

Դիմելով Կարապետյանին՝ Ռուբինյանը նկատեց՝ նա Հայաստանի արտաքին քաղաքականությունը համեմատել է սիրային եռանկյունու կամ քառանկյունու հետ: 

«Բայց պարո՛ն Կարապետյան, ես ձեզ համար լավ կամ վատ լուր ունեմ՝ արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները սիրո հետ ունեն զրո կապ: Միջազգային հարաբերությունները կապ ունեն շահի հետ՝ պաշտպանական և անվտանգային, տնտեսական, բայց սիրո հետ ոչ մի կապ չունեն: 

Ասեմ ավելին. միջազգային հարաբերությունները ոչ մի զգացմունքի վրա հիմնված չեն: Դրանք հիմնված են շահի, գործընկերության և միջազգային պայմանագրերի վրա: Ինչ կապ ուներ ձեր ասածը միջազգային հարաբերոյւթյունների հետ: Այսինքն՝ Դուք ուզում եք ասեք, որ Հայաստանը չպետք է արտաքին քաղաքականություն ունենա, այսինքն՝ եթե մեկի հետ շփվում է, մյուսի հետ չպե՞տք է շփվի, իսկ ինչի՞ մենք չպիտի գնայինք ՇՀԿ կամ ինչի չպետք է խորացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Մենք ինչ-որ մեկի սիրո կամ հավատարմության երդո՞ւմ ենք տվել»,- հակադարձեց Կարապետյանին ԱԺ նախագահը: 

Ռուբինյանի խոսքով՝ մենք իրականում մեկին տվել ենք հավատարմության երդում ՀԱՊԿ-ի շրջանակում, երբ ստորագրել ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, և այդ նույն տրամաբանության մեջ ինչի չի համեմատում ՀԱՊԿ-ի պահվածքը նախարարության հանրահայտ գործունեության հետ: 

«Ինչի չեք ասում՝ ՀԱՊԿ-ը պահում է իրեն ինչպես հայտնի ֆիլմերի միջի հերոսները»,- հարց ուղղեց Կարապետյանին Ռուբինյանը՝ նշելով, որ զարմացած չէ նման խոսույթից, քանի որ նրանց ուժի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, վերջերս հայտարարել էր, թե Հայաստանը կմնա անտեր, եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից: 

Դիմելով Նարեկ Կարապետյանին՝ ԱԺ նախագահը նկատեց՝ նրանց ուժի պատկերացմամբ՝ Հայաստանը պետք է ունենա տեր:

«Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը: Այդ ժամանակները վաղուց անցել են անվերադարձ: Հայաստանը էլ տեր չի ունենալու: Մոռացե՛ք»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:

  • Կիսվել: