Հայաստանի տարածքում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք» անունով գոյություն ունեցող ենթակառուցվածք. Փաշինյան
Գոյություն ունի օբյեկտիվ իրականություն, և գոյություն ունեն սուբյեկտիվ ընկալումներ. օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը։ Այս մասին այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Սրանից բխում է, որ ՀՀ տարածքով կարող են գոյություն ունենալ այնպիսի կապուղիներ, որոնց վերաբերյալ որոշում կայացնում է Հայաստանը, և որոնց հետ կապված ձեռք են բերվել պայմանավորվածություններ»:
Փաշինյանն իր հետ բերել էր Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի մեծ լուսապատճենը: Նա նշեց. «Այստեղ նշված է, որ Հայաստանի տարածքում լինելու է TRIPP անունով ենթակառուցվածք։ Ամբողջ պատմությունն այն է, որ այս արձանագրության տակ կա նաեւ ԱՄՆ նախագահի ստորագրությունը, Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Եթե մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների մասին, մենք գծել ենք այդ շրջանակը և ստորագրել ենք, թե ինչի մասին է տարածաշրջանային կոմունիկացիաները եւ ապաշրջափակումը։ Բայց սա էլ ամենը չէ. Այս թղթի 4–րդ կետում արձանագրված է, որ TRIPP նախագիծը Հայաստանի և ԱՄՆ–ի քննարկման օրակարգի հարց է։ Հարց կծագի, թե ինչ կապ ունի սրա հետ Ադրբեջանը։ Կապը հետեւյալն է, որ այս տարածաշրջանային նախագիծը պետք է կպնի Ադրբեջանին, Հայաստանի ու Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար, բայց TRIPP նախագիծը ՀՀ–ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է։
Մի հատ էլ ես ու Թրամփը ստորագրել ենք մտադրությունների հուշագիր «խաղաղության խաչմերուկ» նախագծի զարգացման մասին։ Մենք պայմանավորվել ենք, որ այս նախագիծն իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա եւ ԱՄՆ–ն շահագրգռված է ներդրումներ անելու այդտեղ։ Սա է օբյեկտիվ իրականությունը։
Ես հստակ ասում եմ, որ Հայաստանի տարածքում չի կարող լինել ձեր նշած անունով («Զանգեզուրի միջանցք»–խմբ.) գոյություն ունեցող ենթակառուցվածք, բայց ես չեմ կարող բացառել, որ այդ անունը Ադրբեջանում օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որեւէ ենթակառուցվածք, որը կարող է միանալ Թրամփի ուղուն, անվանել ցանկացած մարդու անունով։ Բայց դա ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ օրակարգի, ՀՀ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որեւէ կապ չունի»:
Փաշինյանը նաև հավելեց, որ Վաշինգտոնյան համաձայնությունները ՀՀ-ՌԴ և ՀՀ-Իրան հարաբերությունները խորացնելու հնարավորություն են տալիս։ «ՌԴ նախագահի հետ և՛ հեռախոսազրույցում, և՛ հանդիպման ընթացքում, և՛ Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում խոսել եմ այդ մասին»,-վստահեցրեց նա։


