Հայաստանի իշխանությունները դեռ չեն տեղեկացրել կառավարչի նշանակման մասին․ Արմեն Զաքարյան
Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի տնօրինությունը դեռևս որևէ ծանուցում չի ստացել ձեռնարկության կառավարիչ նշանակելու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ձեռնարկության կոմերցիոն տնօրեն Արմեն Զաքարյանը։
«Ուրբաթ օրը ԶԼՄ-ները լուր տարածեցին, թե կոմբինատն անցել է պետական կառավարման։ Սակայն մինչ օրս հետագա գործունեության վերաբերյալ որևէ ծանուցում չենք ստացել։ Սպասում ենք կառավարչի նշանակվելուն և կոմբինատի բացմանը։ Կառավարիչ նշանակված չէ», — հայտնել է Զաքարյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ի առավոտյան Երևանում՝ Կառավարության շենքի մոտ, ընթանում է իշխանությունների որոշմամբ փակված՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտների աշխատակիցների բողոքի ակցիան։ Նախորդ հավաքը տեղի էր ունեցել անցած շաբաթ։ Մարդիկ պահանջում են վերսկսել դադարեցված օբյեկտների (մարզահամալիրների, գործարանների, հյուրանոցների, ռեստորանների և այլն) գործունեությունը և թույլ տալ իրենց աշխատել։ Օբյեկտները պարապուրդի են մատնված հուլիսի սկզբից, իսկ աշխատակիցները զրկվել են ապրուստի միջոցներից և վարկերը մարելու հնարավորությունից։
Նախորդ ակցիայի ընթացքում հանդիպում էր կայացել Կառավարության ներկայացուցչի հետ, ով խոստացել էր վերադասին փոխանցել իրենց պահանջը և պատասխան ներկայացնել։ Այսօր աշխատակիցները հավաքվել են այդ պատասխանը ստանալու նպատակով։ Ընդհանուր առմամբ փակվել է շուրջ 70 օբյեկտ, որոնց մի մասը փոխանցվել է պետական կառավարման։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը փոխանցվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը և պահպանությանը։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազությունը։



