Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ տվեցին. Ալիև
ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների, խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։
Նա նշել է, որ «2020 թվականի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի «կապիտուլյացիայի» և Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման օր՝ գրեթե 30 տարվա «օկուպացիայից» հետո: Հաղթական պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա»։
Ադրբեջանի նախագաը շեշտել է, որ Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ դրանք ընթանում էին բացառապես երկկողմ ձևաչափով։
«Չնայած տարբեր սադրանքներին՝ բանակցությունները տվեցին դրական արդյունքներ, քանի որ ընթանում էին բացառապես երկկողմ ձևաչափով՝ առանց արտաքին միջամտության»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ տարածաշրջանային հաղորդակցություններն են ամուր խաղաղության տեսլականի հիմքը։
Նա նաև հավելել է. «Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունն է, որն ապահովելու է «Զանգեզուրի միջանցքով» անխափան անցումը և խթանելու է տարածաշրջանային կապերի զարգացմանը»:
Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ադրբեջանաամերիկյան հարաբերություններում նոր էջ բացելու, հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու որոշման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար:


