չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հայաստանի գործող իշխանությունները չեն ծառայում հայ ժողովրդին, ավելին սպասարկում են հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպանությանը․ Լարիսա Ալավերդյան

Հայաստանի գործող իշխանությունները չեն ծառայում հայ ժողովրդին, ավելին սպասարկում են հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպանությանը․ Լարիսա Ալավերդյան

Ես պահանջ ու վրդովմունք ունեմ՝ ուղղված ՄԱԿ-ին. Մենք այստեղ ենք, որ ասենք՝ մեր աչքերը բաց են և ձեր բոլոր մեղքերը մեր աչքի առաջ եք իրականացնում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14–ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին ՄԻՊ, իրավապաշտպան, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Լարիսա Ալավերդյանը։

Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրեց, որ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական կարծիք է հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի թիվ 46/2024 եզրակացության վերաբերյալ՝  բացահայտելով շահերի բախման այն իրական պատկերը, որը լուրջ կասկածի է ենթարկում խմբի եզրակացության անաչառությունը: Խումբը եզրակացրել էր, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չէր։ Օկամպոն  իր փորձագիտական կարծիքում փաստարկված հիմնավորել է շահերի բախման առկայությունը՝ ընդգծելով, որ WGAD-ի ներկայիս նախագահող Հաննա Յուդկիվսկան Equity Law Firm-ի գործընկեր է, որն Ուկրաինայում ներկայացնում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։

«Կարծեք թե ՄԱԿ-ում մեզ Ճ կլասի ժողովրդի տեղ են դրել։ Ինչ է, կարծում եք ՄԱԿ-ում չգիտե՞ն, թե ում են նշանակել հանձնաժողովի անդամ։ Նրանք բոլորի համար այնպիսի հաստ թղթապանակներ ունեն, որտեղ կա, թե այդ մարդիկ ինչ մանկապարտեզ են գնացել։ Հենց դիտավորյալ է դա արված, ավելին, ես հիմնավոր կասկած ունեմ, որ Հայաստանի իշխանությունները գիտեին այդ մասին ու համաձայն էին դրան»,-ասաց Ալավերդյանը։

Նրա համոզմամբ, Հայաստանի գործող իշխանությունները չեն ծառայում հայ ժողովրդին, ավելին սպասարկում են հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպանությանը։

«Մենք այստեղ եկել ենք ոչ թե այն ակնկալիքով, որ վաղը ՄԱԿ-ը կազատվի կոռուպցիայի մեջ խրված վիճակից, այլ ասում ենք, որ նախևառաջ պետք է չեղարկեք այդ գնված եզրակացությունը Ռուբեն Վարդանյանի ձերբակալության վերաբերյալ, ապա պարտավոր եք նոր խումբ ձևավորել»,-ասաց իրավապաշտպանն ու շնորհակալություն հայտնեց Լուիս Մորենո Օկամպոյին, որը հետևողական կերպով ցանկանում է բարձր պահել միջազգային իրավունքի հեղինակությունը։

 

  • Կիսվել: