երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստան-Վրաստան հարաբերություններում որևէ խոչընդոտ չի կարող լինել, այն էլ՝ երրորդ երկրների կողմից. Խանդանյան

Հայաստան-Վրաստան հարաբերություններում որևէ խոչընդոտ չի կարող լինել, այն էլ՝ երրորդ երկրների կողմից. Խանդանյան

Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյան անդրադարձել է Հայաստան-Վրաստան հարաբերություններին՝ կարծիք հայտնելով, թե երկու երկրներների միջև խոչընդոտները պետք է ավելի արագ և դինամիկ հաղթահարվեն՝ ի շահ երկու երկրների տնտեսությունների:

Նա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանից հետաքրքրվել է, թե կա՞ երրորդ երկրների ազդեցություններ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների վրա հատկապես տարանցիկ բեռների հետ կապված հարցերում:

Ի պատասխան՝ Խանդանյանը նշեց.«Համաձայն եմ, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունների բնույթն այնպիսինն է, որ որևէ խոչընդոտ չի կարող լինել, այն էլ՝ երրորդ երկրների կողմից: Չեմ կարող նշել այդպիսի որևէ ներգործություն Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների պարագայում: Ամեն դեպքում խոսակցությունն այնքան անկեղծ է Հայաստանի և Վրաստանի միջև, որ եթե նույնիսկ լինի այդպիսի մի ներգործություն, չենք կաշկանդվի, դրան կանդրադառնանք»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությանն ու առհասարակ հարաբերությունների հեռանկարին:

«Նաև նոր հորիզոններ են բացվում մեր երկկողմ հարաբերությունների համար՝ հաշվի առնելով նաև ապաշրջափակման կոնտեքստը, և այն հնարավորությունները, որը կտա Հայաստանի ապաշրջափակումը, որի արդյունքները մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես ենք մենք ստանում, ներկրումներ ունենում նաև Վրաստանի երկաթուղու միջոցով»,-նշել է նա:

  • Կիսվել: