ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Հայաստան-Թուրքիա հարաբերություններն այնքան են հասունացել, որ, պայմանական վաղը, կարող ենք բացել սահմանը․ Միրզոյան

Հայաստան-Թուրքիա հարաբերություններն այնքան են հասունացել, որ, պայմանական վաղը, կարող ենք բացել սահմանը․ Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ, պայմանական վաղը, կարող ենք բացել սահմանը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին COP 17-ի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստան-Թուրքիա երկխոսությունն այնքան ինտենսիվ է, և արդեն կարող ենք ասել դիվանագիտական խողովակներով, զանազան տնտեսական առևտրային հարցերով, և այս գործընթացը այնքան է հասունացել, որ իսկապես, պայմանական վաղը կարող ենք զարթնել և տեսնել, որ արդեն երկու կողմերը ասեցին վերջ, այսօր բացում ենք սահմանը»,- ասել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի ցանցերի փոխկապակցումն ամենահեշտ իրագործելի քայլն է, որն արդեն ընթացքի մեջ է։

«Հանդիպումներ և քննարկումներ՝ շատ մասնագիտական, լրիվ տեխնիկական-փորձագիտական մակարդակի, հիմա էլ ընթանում են։ Եվ այո՛, մեծ հավանականություն կա, որ դա կարելի է չբարդացնել, չհետաձգել, չթողնել բոլոր անհրաժեշտ բաներից հետո անելուն։ Բաներ կան, որ հիմա կարող են արվել, և այս առումով էլեկտրական հոսանքի ցանցերի փոխկապակցումն ամենահեշտ իրագործելին է. արվում է, արդեն ընթացքի մեջ է։ Տարբեր փուլերով տարբեր հարցեր կան։ Կարծում եմ՝ ամենաառաջնային արդյունքները շատ մոտ ապագայում կարող ենք տեսնել, որովհետև կրկին այդտեղ շատ կառուցելու բան չկա։ Նույն հոսանքի մասով՝ բան կա, որ մեծ աշխատանք է պահանջում, բան կա, որ կարելի է հեշտ ու արագ անել»,- ասել է Միրզոյանը։

  • Կիսվել: