ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, ԱԲ–ի, կիսահաղորդիչների ոլորտներում

Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, ԱԲ–ի, կիսահաղորդիչների ոլորտներում

Արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Հայաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցության վերաբերյալ այսօր ստորագրված Փոխըմբռնման հուշագրի նպատակն է խթանել երկու երկրների միջև համագործակցությունը նշված ռազմավարական ոլորտներում՝ զարգացնելով գիտահետազոտական և նորարարական կարողությունները, ինչպես նաև նպաստելով համատեղ ծրագրերի իրականացմանը։ Այս մասին գրառում է արել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այն ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, տվյալագիտությունը և մեքենայական ուսուցումը, պետական ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում։

Ստորագրվել է մեկ այլ կարևոր փաստաթուղթ ևս. Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև՝ համագործակցության վերաբերյալ։

Փաստաթուղթը միտված է խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտներում: Այն սահմանում է համատեղ գործունեության շրջանակ՝ ուղղված փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը, պաշտպանական արդյունաբերության զարգացմանը:

Ստորագրված փաստաթղթերը նոր հնարավորություններ են ստեղծում բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման համար՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին, նորարարական էկոհամակարգերի զարգացմանը և երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր փաստաթղթեր։

  • Կիսվել: