Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը կարևոր շրջադարձային կետ է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև գործընկերության խորացման գործում․ Կոշտա
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Երևանում կայացած Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն հանձնառու է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Այսօրվա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը հստակ ազդանշան է ուղարկում ԵՄ-ի անսասան հանձնառության մասին՝ խորացնելու Հայաստանի հետ մեր հարաբերությունները և ամրապնդելու համագործակցությունը բազմաթիվ նոր ոլորտներում՝ Հայաստանին և նրա ժողովրդին ավելի մոտեցնելով Եվրոպական միությանը», - նշել է Կոշտան։
Մեկ այլ գրառման մեջ նա կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ լուսանկարով՝ նշելով, որ մայիսի 5-ին «ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը կարևոր շրջադարձային կետ է Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության խորացման գործում»։
«Այս պահը հնարավոր դարձավ վերջին տարիներին Հայաստանի կողմից գրանցված նշանակալի նվաճումների շնորհիվ։ Դրանք ստեղծեցին եզակի հնարավորություն՝ մեր քաղաքացիներին, բիզնեսներին և հասարակություններին շոշափելի օգուտներ բերելու համար», - գրել է նա։
Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ-ի համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը, և այդ հարցում Հայաստանը կարող է ապավինել Բրյուսելի աջակցությանը։


