Հայաստան արդեն մատակարարված զենքը պետք է վերադարձվի. դա մեր պայմանն է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ՛՛Հայաստանի սպառազինումը սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար և կհանգեցնի նոր լարվածության՛՛:
՛՛Հայաստանի սպառազինումը պարզապես նոր լարվածության է հանգեցնելու։ Մենք դա չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ պատերազմի էջը շրջվի։ Սակայն մենք տեսնում ենք, որ և՛ Հայաստանը, և՛ նրա նոր հովանավորները դա չեն ուզում։ Նրանք ապրում են ռևանշիստական գաղափարներով, և Հայաստանը փաստացի սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար՛՛,-ասել է Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պարզապես կողքից չի հետևի Հայաստանի սպառազինությանը։ ՛՛Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի սպառազինությունը։ Ֆրանսիան և նրան զենք մատակարարող մյուս երկրները պետք է չեղյալ հայտարարեն այդ պայմանագրերը: Հայաստան արդեն մատակարարված զենքը պետք է վերադարձվի. դա մեր պայմանն է՛՛,-ընդգծել է նա։
Ալիևը հույս է հայտնել, որ Երևանը կընդունի խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պայմանները: ՛՛Քանի որ նրանց մեջ ոչ մի արտառոց բան չկա՝ Մինսկի խմբի վերացում, [Հայաստանի] Սահմանադրության փոփոխություն. առանց դրա խաղաղության պայմանագիրն անհնար է՛՛,-հավելել է նա: