կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հավելել է, որ կողմերն անդրադարձել են այն հարցերին, որոնք քննարկվել են Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին:

՛՛Կարծում եմ՝ նաև հետագայում հնարավորություն կլինի սահմանը բացել նաև ՀՀ-ի և Թուրքիայի քաղաքացիների համար՛՛,-ասել է Գրիգորյանը։

Դիտարկմանը, թե փորձագիտական շրջանակներում առաջ է քաշվում թեզը, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ–թուրքական բացելու հնարավորությունը ադրբեջանցիների համար է, երրորդ երկրների քաղաքացիներ ասելով, նկատ ունեն ադրբեջանցիներին, Արմեն Գրիգորյանը ասել է, որ նման բան չկա, դա գուշակությունների ժանրից է։

Ընդդիմությունն ասում է, որ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի նաև բեռնափոխադրումների համար, ապա Հայաստանում կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի է ունենում Աջարիայում, այսինքն՝ թուրքական բիզնեսը կգրավի հայկական շուկան, արդյոք Հայաստանը պատրաստ է դրան։ Այս հարցին ի պատասխան, Արմեն Գրիգորյանն ասել է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն է ունենալու։

՛՛Եթե լինեն մարտահրավերներ, Հայաստանում տնտեսական քաղաքականություն է վարում Կառավարությունը։ Եթե ինչ-որ մարտահրավեր լինի, ապա դրանք կքննարկվեն և պատշաճ լուծումներ կստեանան։

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։

՛՛Չգիտեմ՝ ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին։ Կեղծ լուր է, թե մենք իբր նախապայման ենք կատարել, չկա որևէ նախապայման՛՛,-վստահեցրել է նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին հարցին, ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստան բազմիցս հայտարարել է, որ միջանցքը իր համար կարմիր գիծ է, և նման հարց չի քննարկել։

«Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը վերջին մեկ տարվա, նույնիսկ վերջին 6-7 ամսվա ընթացքում հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց երբեք չի քննարկվել»,– ասել է նա՝ հավելելով, թե ընդդիմության պնդումները նախապայմանների մասին մտացածին են։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե թուրքերը միշտ շեշտում են, որ հայ-թուրքական հարաբերության ցանկացած քայլ առաջ կապված է Ադրբեջանի հետ, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ ՛՛Մենք քննարկում ենք որպես երկկողմ հարաբերություն, մեր մոտեցումն այն է, որ ՀՀ-Թուրքիան առանձին հարց է։ Հիմա նախապատրաստական մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Հույս ունենք, որ պայմանավորվածությունները շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի կյանքի կոչել։ Հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կկարողանանք սահմանը բացել ՀՀ-ի և Թուրքիայի քաղաքացիների համար՛՛։

Նա նաև հույս է հայտնել, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո հանդիպումներ կանցկացվեն թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում:

Արմեն Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Հայաստանը տեղյակ է պահում իր բոլոր գործընկերներին։ ՛՛Քանի որ Ռուսաստանի Դաշնությունը հենց սկզբից ներգրավված է եղել, նրանք ամբողջ գործընթացից տեղյակ են  և իրենց մասնակցությունն են բերում այս հարաբերությունների կարգավորմանը՛՛,– ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

  • Կիսվել: