շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է Ներկայացուցիչների պալատում «Հայկական պաշտպանության ակտի» ընդունման ուղղությամբ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է Ներկայացուցիչների պալատում «Հայկական պաշտպանության ակտի» ընդունման ուղղությամբ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Լոուլերը միացել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնին և Գուս Բիլիրակիսին, ինչպես նաև Գաբե Ամոյին՝ ներկայացնելով «Հայկական պաշտպանության ակտը»։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

 

Ադրբեջանին Ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելուն միտված այս նախագիծը նույնպես էապես խթանվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից։ Բանաձևի նախագիծը նախորդ տարեվերջին ամերիկյան Սենատի կողմից միաձայնությամբ ընդունված համանուն բանաձևի տրամաբանությունն է կրկնում արդեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և գալիս է առաջ մղելու ներամերիկյան օրենսդրական գործընթացը՝ ապահովելու համար ԱՄՆ Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) կիրարկումը և էապես սահմանափարելու ԱՄՆ նախագահի լիազորությունները հիշյալ հոդվածի կիրարկումից հրաժարվելու գործում։

 

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային լայնամասշտաբ գործողությունների արշավ՝ «Հայկական պաշտպանության ակտի» (H.R.7288) արագ քննարկմանն ու ընդունմանը նպաստելու համար:

 

Ներկայացված բանաձևի նախագծի առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Տասնամյակներ շարունակ ԱՄՆ նախագահները անխոհեմ կերպով հրաժարվել են Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին ռազմական օժանդակության կանոնադրական սահմանափակումներից՝ նյութապես օգնելով և բարոյապես քաջալերելով նրանց ինչպես 2023թ․ Արցախի էթնիկ զտումների, այնպես էլ Հայաստանի տարածքի շարունակական անօրինական օկուպացիայի ժամանակ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ներկայացուցիչներ Լոուլերին, Փալոնին, Բիլիրակիսին և Ամոյին իրենց սկզբունքային առաջնորդության համար՝ վերականգնելու Կոնգրեսի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության երկարաժամկետ վերահսկողությունը։ Մենք կանգնած ենք այս և այլ օրենսդրական նախաձեռնությունների ետևում՝ սկսած 907-րդ հոդվածի և Արտաքին աջակցության ակտի վերահսկողական մեխանիզմների կիրարկումն ապահովելուն միտված միջոցառումներից մինչև «Մագնիցկու» և «Լիհիի» պատժամիջոցների կիրառման հարցը՝ Ալիևի ռեժիմին, միջազգային իրավունքի խախտման համար, պատասխանատվության ենթարկելու մասով»:

Կոնգրեսական Լոուլերը, ով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, հաստատակամ է Բայդենի վարչակազմի հստակ գործողությունների անհրաժեշտության հարցում՝ դադարեցնելու Ադրբեջանի հակահայկական հարձակումները քաջալերելը: «Ավելի քան 100․000 հայեր Ադրբեջանի կառավարության կողմից թիրախավորվեցին, բռնության ենթարկվեցին և տեղահանվեցին։ Ուղղակի անընդունելի է, որ ԱՄՆ-ը ֆինանսավորի Ադրբեջանի արշավը հայ ժողովրդի դեմ։ Հայաստանի պաշտպանության ակտը կդադարեցնի Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ֆինանսավորումը և տարածաշրջանային գերակայության ձգտումը»:

Կոնգրեսական Փալոնն ընդգծել է Արցախի բնիկ հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության համար Ադրբեջանի պատասխանատվության անհրաժեշտությունը: «Նախագահ Ալիևը խախտեց միջազգային իրավունքը, երբ մահացու հարձակում սկսեց Արցախի վրա անցյալ տարվա սեպտեմբերին և մինչ օրս չի բախվել միջազգային հանրության կողմից որևէ նշանակալից հետևանքների: Համաշխարհային առաջնորդները չկարողացան կանգնեցնել նրա ցեղասպանական արշավը, որը 120․000 հայերի տեղահանեց իրենց պատմական հայրենիքից, չնայած որ նրա ռազմատենչ հռետորաբանությունը և զորաշարժերը հստակ ցույց էին տալիս, որ հարձակումն անխուսափելի է։ Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները լուրջ գործողություններ ձեռնարկեն, որոնք կկանխեն Ալիևի ձեռքով ավելի շատ մահերն ու ավերածությունները և կապահովեն տարածաշրջանի անվտանգությունն ու կայունթյունը, որն անհրաժեշտ է Հայաստանին որպես ժողովրդավարական երկրի: Հայկական պաշտպանության ակտը վերջապես պատասխանատվության կենթարկի Ալիևի ռեժիմին, կդադարեցնի ԱՄՆ-ի ցանկացած հետագա աջակցություն, քանի դեռ նրանք չեն դադարեցրել իրենց ապակայունացնող գործողությունները տարածաշրջանում․․․»:

Իր հերթին Գուս Բիլիրակիսը նույնպես կարևորել է նախագծի ընդունումը։ «Հաշվի առնելով հարևան Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով առաջացած քաղաքական և հումանիտար ճգնաժամը, անմտություն է, որ ԱՄՆ-ի հարկատուները, իրենց գումարներով աջակցեն այս դաժան ռեժիմին: Այդ գումարներն ավելի լավ կարող են օգտագործվել այստեղ՝ տանը: Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Ադրբեջանի կառավարությանը և մեր գործընկերներին ամբողջ աշխարհում, որ Միացյալ Նահանգները չի աջակցի հայ ժողովրդի դեմ հարձակումներին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կառավարությունը «ազատ անցում» ստանա Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ իրենց դաժան ռազմական ագրեսիայի և շրջափակումների համար։ Ես հպարտ եմ աջակցելու այս երկկուսակցական օրենսդրությանը, որը ցույց կտա, որ Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին և չի ընդունում Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: