ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հարց տվող՝ ԼՂ ԱԺ պատգամավորի աշխատավարձն ամբողջությամբ ապահովում է ՀՀ կառավարությունը. վա՞տն է այդ կառավարությունը, վերադարձրեք, ասեք՝ հրաժարվում ենք այդ միջոցներից. Փաշինյան

Հարց տվող՝ ԼՂ ԱԺ պատգամավորի աշխատավարձն ամբողջությամբ ապահովում է ՀՀ կառավարությունը. վա՞տն է այդ կառավարությունը, վերադարձրեք, ասեք՝ հրաժարվում ենք այդ միջոցներից. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի սուլիսի ժամանակ լրագրողներից մեկը միացրեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցը՝ ուղղված ՀՀ վարչապետին: Պատգամավորը, մասնավորապես, հարցնում էր, թե ո՞վ է Փաշինյանին իրավունք տվել չեղարկել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: ՛՛Որտեղի՞ց ձեզ իրավունք ԼՂ տարածքը, որը դեռեւս Ազգերի լիգան է վիճելի տարածք ճանաչել, համարել Ադրբեջանի մաս, եւ այս ամենը բերել, հասցնել ընդամենը հումանիտար խնդիրների դաշտ, այն էլ՝ օգտագործելով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՛՛,-նշել էր նա՝ առաջարկելով, որ ՀՀ վարչապետն ինքն օգտվի այդ ճանապարհից, այդ հումանիտար բեռներից, եւ դրանք տեղափոխել իր եւ իր թիմի այն անդամների խոհանոցներ, որոնք կիսում են իր բոլոր այս տեսակետները:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. ՛՛Համաձայն եմ, որ ես ԼՂ ժողովրդի հարցը չպետք է որոշեմ, այդ հարցը պետք է որոշեն ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները՛՛:

Հարցին, թե ո՞րն է իր ֆունկցիան որպես ՀՀ վարչապետ, եթե չի կարողանում ապահովել ոչ Արցախի, ոչ Հայաստանի անվտանգությունը, Փաշինյանը պատասխանեց. ՛՛Իմ ֆունկցիան ապահովել, որ Հայաստանը տնտեսական, անվտանգային եւ բոլոր առումներով զարգանա այնպես, որ իր բոլոր կարիքները, այդ թվում անվտանգային, ապահովել: Իմ գործառույթ է, որ Հայաստանում տնտեսական աճ լինի, բյուջեն ունենա միջոցներ, որպեսզի ապահովի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը: Իսկ մեր գործընկերներին ասում եմ՝ պետք չի այդ խոհանոցային թեման անընդհատ բերել: ԼՂ ԱԺ պատգամավորը, որ նոր հարց տվեց, իր աշխատավարձն ամբողջությամբ եւ հետեւաբար, իր խոհանոցի պարունակությունն ամբողջությամբ ապահովում է ՀՀ կառավարությունը:

Վա՞տն է այդ կառավարությունը, վերադարձրեք, ասեք՝ մենք հրաժարվում ենք այդ միջոցներից, որովհետեւ մեր շահերը լավ չի պաշտպանում: Ի՞նչ են ուզում ասել, դա եմ ուզում հասկանալ: Լավ, այդ ձայնագրությունների հետեւությունը ո՞րն է: Որ ես հրաժարակա՞ն պետք է տամ, ես տվել եմ հրաժարական: Ամեն շաբաթ հրաժարակա՞ն տամ. դա լուրջ չէ՛՛:

  • Կիսվել: