ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը տեղեկացված է, որ ՀՀ ԶՈՒ-ն լիովին վերահսկում է իրավիճակը, և այլ միջամտության կարիք չկա. Միրզոյան

ՀԱՊԿ-ը տեղեկացված է, որ ՀՀ ԶՈՒ-ն լիովին վերահսկում է իրավիճակը, և այլ միջամտության կարիք չկա. Միրզոյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Սրարատ Միրզոյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի կողմից հրահրած ռազմական գործողություններին, ասաց, որ միջազգային հանրությանը պետք է մատուցել այն տեղեկությունները, որոնք ներկայացնում է ՊՆ-ն:

Նա նշեց, որ տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ: Այդ գործողությունները մեր զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի, կանխվել է դիվերսիայի փորձը, այդ թվում՝ երեկ գիշերը տեղի ունեցածը:

Միրզոյանը շեշտեց. ՛՛Բնականաբար, ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ եւս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով, գնդակոծում են նաեւ քաղաքացիական բնակչությանը, գյուղերին: Տեսանք կադրեր, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ գյուղերի տների վրա: Այս ամենը խիստ դատապարտելի է, դրանք միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ ճչացող խախտում են՛՛:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ  ՀՀ արտաքին գերատեսչությունը եւ խորհրդարանականներն իրենց դիվանագիտկան խողովակներով այս ամենի մասին պարբերաբար եւ շատ մանրամասն տեղեկացնում են Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներին եւ այն բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանն անդամություն ունի:

Նա տեղեկացրեց, որ ինքն այս ամենի մասին տեղեկացնող նամակներ է ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործընկերներին:

Խոսելով այն մասին, թե ինչու Ադրբեջանը գնաց նման սադրանքի, ԱԺ նախագահն ասաց. ՛՛Վերլուծությունները տարբեր են, վստահ եմ, ինձ հետ նաեւ դուք էլ եք կարդում այն մասին, որ եւ՛ համաճարակի առումով բավականին բարդ իրավիճակ է ստեղծված այդ երկրում, եւ՛ բազմաթիվ ներքին քաղաքական, տնտեսական խնդիրներ ունեն:

Տեսակետ կա այն մասին, որ այսպիսով Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է պարպել իր երկրի ներսում առաջացած դժգոհությունը եւ այն ուղղել իրենց կողմից մշտապես թշնամի հռչակված Հայաստանի, հայ ժողովրդի, հայության ուղղությամբ՛՛:

Նա ընդգծեց հատկապես այն, որ այս գործողությունները չեն առնչվում Արցախին, այլ տեղի են ունենում ՀՀ-ի սահմանին:

Միրզոյանը անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ-ի արձագանքին եւ նշեց .՛՛Ըստ էության՝ խաղաղություն հաստատելու կոչեր են: ՀԱՊԿ մեր գործընկերները տեղեկացված են այն մասին, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, եւ այլ միջամտության կարիք չկա՛՛:

 

  • Կիսվել: