հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՀԱՊԿ-ը ելնում է Երևանի հայտարարություններից առ այն, որ կազմակերպությանը Հայաստանի մասնակցությունը սառեցված է. Աղասանդյան

ՀԱՊԿ-ը ելնում է Երևանի հայտարարություններից առ այն, որ կազմակերպությանը Հայաստանի մասնակցությունը սառեցված է. Աղասանդյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ելնում է Երևանի հայտարարություններից առ այն, որ Հայաստանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին սառեցվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության՝ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Պատասխանելով տարեվերջին ՀԱՊԿ-ի միջոցառումներին Հայաստանի լիարժեք մասնակցության հնարավորության մասին հարցին՝ նա, մասնավորապես, նշել է. «Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ՝ իր բոլոր պարտավորություններով և իրավունքներով։ ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցության ձևաչափի վերաբերյալ Հայաստանը պետք է ինքը որոշի, ոչինչ չի պարտադրվում։ Մենք ելնում ենք Հայաստանի ղեկավարության հնչեցրած դիրքորոշումից. կազմակերպության աշխատանքներին Երևանի մասնակցությունը «սառեցված» է»:

Իսկ հարցին, թե արդյոք Երևանը Բաքվի հետ շրջանակային պայմանավորվածությունների հասնելուց հետո ազդարարե՞լ է ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը վերսկսելու պատրաստակամության մասին, Աղասանդյանն ասել է. «ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցության հարցը պետք է ուղղել հենց Երևանին: Դուք գիտեք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որը բազմիցս հնչել է։ Որքանով ես տեղյակ եմ՝ փոփոխություններ չկան»:

  • Կիսվել: