երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՊԿ-ն առաջիկայում մարտավարական և հատուկ զորավարժություններ կանցկացնի. գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ն առաջիկայում մարտավարական և հատուկ զորավարժություններ կանցկացնի. գլխավոր քարտուղար

Առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում մարտավարական և մարտավարական-հատուկ զորավարժություններ կանցկացվեն։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այդ մասին հայտարարեց Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում։
Նրա խոսքով` ներկայիս պայմաններում ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդումը հրատապ անհրաժեշտություն է։

«Առաջիկայում նախատեսվում է մի շարք մարտավարական և մարտավարական-հատուկ զորավարժությունների անցկացում։ Դրանց մտահղացման մեջ կներառվեն ահաբեկչությանը հակազդելու և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներին արձագանքելու տարրեր։ ՀԱՊԿ-ի զինանոցում ստեղծվել և կատարելագործվում են ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, անօրինական միգրացիային և թմրանյութերի շրջանառությանը հակազդելու արդյունավետ մեխանիզմներ»,- նշեց Զասը։
 
Նրա խոսքով` շարունակվում է ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններում ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի ներդրման գործընթացը։
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման առիթ է դարձել այս տարվա հունվարին Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու առաջին գործնական փորձը։
 
Նշենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա նաև ՀԱՊԿ գագաթնաժողովը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

  • Կիսվել: