ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Համոզված ենք, որ Ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևն ունի նաև կիրառական նշանակություն. Արցախի ԱԳՆ

Համոզված ենք, որ Ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևն ունի նաև կիրառական նշանակություն. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի ընդունումը։

Խորին երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆին և Գուս Բիլիրակիսին` բանաձևը հեղինակելու և ներկայացնելու համար, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին՝ բանաձևին սատարելու և դրա ընդունմանն ուղղված հետևողական ջանքերի համար, ինչպես նաև՝ բանաձևը սատարած բոլոր կոնգրեսականներին։

Շնորհավորում ենք և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կոնգրեսականների հետ համակարգված աշխատանքի համար և բոլոր նրանց, ում հետևողական ջանքերը հանգեցրեցին այս պատմական որոշման՝ ճնշող մեծամասնությամբ ընդունմանը։ Այս բանաձևի ընդունումը կարևոր քայլ է՝ միտված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի կողմից ձեռնարկվող փորձերի խափանմանը և մեծ ներդրում՝ նման հանցագործությունների կանխմանն ուղղված համընդհանուր պայքարում։

Համոզված ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևն ունի ոչ միայն բարոյական, այլ նաև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։

  • Կիսվել: