չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Համաձայնեցված անունը TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են, թող ասեն. Փաշինյան

Համաձայնեցված անունը TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են, թող ասեն. Փաշինյան

Երբ Ադրբեջանն ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում են ասեն «Զանգեզուրի միջանցք»՝ թող ասեն»,- ասաց նա և հավելեց, որ դա Հայաստանի մասին չէ։

«Անուն են ուզում դնել, մենք պետք է հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է։ Հազար ներողություն, կարող է որոշում են, որ անունը դնում են Ալբերտ Էյնշտեյն, թող դնեն, դա մեր ինքնիշխան տարածքի հետ կապ չունի, ես թուղթ ունեմ ստորագրած»,-նշեց վարչապետը և ավելացրեց, որ «Զանգեզուրի միջանցք»-ը Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանի անցագրային կետ։

Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ։ Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք», թող ասեն, մենք խնդիր չունենք: Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են, թող ասեն։ Թեման եկեք համարենք փակված»:

Անդրադառնալով կոմունիկացիաների բացման խնդրին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք պետք է օր առաջ բացենք: Հիմա մենք առանց որևէ խնդրի կարող ենք սկսել գազամուղների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի մալուխների նախագծումը և կառուցումը: Մենք հիմա երկաթուղու նախագծումը պետք է սկսենք և տեսնենք՝ էլ ինչ ենթակառուցվածքներ կան, որ մենք պետք է վերաբացենք: Մենք ասել ենք, որ մենք պատրաստ ենք գնալ և գնալու ենք պարզեցումների, որպեսզի մեր մաքսային սահմանային հսկողությունները համապատասխան լինեն աշխարհի լավագույն ժամանակակից ստանդարտներին: Մենք պատրաստ ենք գնալ պարզեցումների, բայց դրանք էլ են սահմանափակված հինգ սկզբունքով՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն, փոխադարձություն ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար: Մեր կամքը և վճռականությունը որևէ կերպ չի սասանվել: Ինչո՞ւ ենք բառերի շուրջ վեճ ստեղծում, եկեք գնանք գետնի վրա իրականացնենք այն, ինչ պայմանավորվել ենք: Մենք րոպե առաջ անելու ենք դա և շատ ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: