կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացման տրամաբանությամբ ռազմավարական գործընկերության հաստատման հարցում:

Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ առանց վիզայի` նույնականացման քարտերի միջոցով այցելությունների մասին համաձայնագրի կիրարկումը:

Աժ փոխխոսնակը կարեւորել է միջազգային հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաեւ նշել, որ կողմերը եկել են նախնական համաձայնության տնտեսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Հակոբ Արշակյանն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի միջեւ ակտիվ համագործակցության կապակցությամբ:

Խորհրդարանի փոխխոսնակը նաեւ կարեւորել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդումն ու նշել, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է:

Անդրադարձ է կատարվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի մասնակցությանը, որտեղ ներկայացվել են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը՝ կարեւորելով տարածաշրջանային խաղաղությունն ու ճանապարհների ապաշրջափակումը տնտեսական հարաբերությունների զարգացման եւ տարածաշրջանային հնարավորությունների համատեքստում:

Շալվա Պապուաշվիլին ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կայուն խաղաղության հասնելու կարեւորությունը:

«Առանց երկարաժամկետ խաղաղության դժվար է հասնել տնտեսական  զարգացման»,- նշել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:

  • Կիսվել: