ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից. ԱԳ նախարարը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարին

Հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից. ԱԳ նախարարը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին:

«Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի Եվրոպայի խորհրդի և անդամ-երկրների կողմից»,- ասաց Միրզոյանը:

Հայաստանի արտգործնախարարը հայտնեց, որ վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ:

«Այս համատեքստում հիմնարար է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը:

Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի ժողովրդին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից»,- ասաց նա:

  • Կիսվել: