Հակամարտության գոտիներում բազմաթիվ կենդանիներ ուղղակի պայթում են ականապատ դաշտերի վրա. Փաշինյանը՝ խաղաղության կարևորության մասին
Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, թե՛ անդրսահմանային իմաստներով: Այդ մասին առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող կլոր-սեղան քննարկմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հակամարտության գոտիներում սովորաբար լինում են ականապատ դաշտեր, և բազմաթիվ կենդանիներ ուղղակի պայթում են այդ ականապատ դաշտերի վրա, որովհետև շատ ականապատ դաշտեր միգրացիոն ճանապարհների վրա են, նաև արգելապատնեշներ և արգելափակոցներ են ձևավորվում համակարտության գոտիներում: Ընդ որում՝ այս ամենն առանձնացված երևույթ չէ:
Պատկերացրեք՝ այդ համակարտությունները տևում են տասնամյակներ, և այդ տասնամյակների ընթացքում շատ վնաս է հասցվում կենսաբազմազանությանը, բայց, որ կարևոր է, այդ վնասը չի հաշվառվում, ըստ էության, չափելի չէ, այսպիսով, դառնում է անվերահսկելի: Մենք պարզապես իքս պահի արձանագրում ենք, որ կենդանիների որոշակի տեսակներ, բնության որոշակի հատվածներ պարզապես ոչնչացվել են:
Բայց շատ կարևոր է հասկանալ մի բան, որ նաև հենց COP ձևաչափի ամենակարևոր շեշտադրումն այն է, որ կենսաբազմազանության և, ընդհանրապես, բնության և կենսաբազմազանության հարցերում հնարավոր չէ հաջողություն գրանցել առանձին վերցրած երկրում»,- ասաց նա՝ հիշեցնելով համաժողովի շրջանակում տպավորած մի միտք, որ բնությունը և կենսաբազմազանությունը սահմաններ չեն ճանաչում, և ըստ այդմ՝ նկատեց, որ կենդանիները մի երկրից մյուս երկիր անցնելու համար չեն դիմում վիզայի, փաստաթղթերի կարիք չեն ունենում, հետևաբար առանձին վերցրած երկրում շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության առումով հաջողություն գրանցել հնարավոր չէ:
«Հակամարտությունները ոչ միայն վնասներ են բերում, այլև, ըստ էության, շատ դեպքերում բացառում են երկրների համագործակցությունը կենսաբազմազանության տրամաբանության մեջ, և սրանով հասցված վնասներն է՛լ ավելի են ընդգծվում և ավելի մեծ ազդեցություն են ստանում:
Հետևաբար խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, թե՛ անդրսահմանային իմաստներով»,- ասաց նա:



